Սգո պարագաների վաճառքի կարելի է հանդիպել քաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես՝ Նար-Դոսում: Պսակների, դագաղների եւ այլ պարագաների քաղաքակիրթ վաճառքը մեր քաղաքում դեռ անհասանելի է թվում: Չնայած այն հանգամանքին, որ մեր պաշտոնյաները սեւով սպիտակի վրա գրել են, որ սգո պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրված առեւտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը, ամեն դեպքում այս օրենքն առեւտրականները շրջանցում են:
«Էս քաղաքում էս դեռ քիչ ա, ավելին ասեմ՝ շատ էլ նորմալ ա, թող հացով մեզ ապահովեն, մենք էլ հետեւենք օրենքին, հա գալիս տուգանում են, բայց հաջորդ քայլափոխին մենք էլի վարագույրները բացում ենք, բա պիտի նենց անենք, որ առեւտուր լինի՞, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց սգո պարագաների առուվաճառքով զբաղվող կրպակի վաճառողը, որին մեկ անգամ տուգանել են հենց նման խախտում կատարելու համար:
Մեր շրջայցի ժամանակ նկատեցինք, որ այդ փողոցում գրեթե բոլոր խանութները բացեիբաց ցուցադրում են սգո պարագաները:
Մեր այն հարցին, թե արդյոք վերահսկողություն կա՞ այս խանութների նկատմամբ, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչությունից մեզ պատասխանեցին. «Այս ուղղությամբ տարվում են բազմաթիվ աշխատանքներ, բայց դրանք իրենց նպատակին այդքան էլ չեն ծառայում, քանի որ սահմանված տուգանքի չափը շատ քիչ է՝ 20000-30000 դրամ, եւ մարդիկ նախընտրում են տուգանվել եւ չհետեւել օրենքի տվյալ կետին»:
Ինչպես գիտենք, սգո պարագաներ են համարվում նաեւ ծաղկեպսակները, չնայած Նար-Դոս փողոցի մի շարք կրպակներում մեզ փորձում էին համոզել, որ ծաղկեպսակները չեն ենթարկվում օրենքի այդ կետին, նրանք կարող են իրենց վաճառքն իրականացնել ոչ վարագուրված տեղերում. «Քույրիկ ջան, բայց էդ ո՞ր օրվանից ծաղկեպսակը դարձավ սգո պարագա»:
Մեր հարցումների արդյունքում նաեւ պարզ դարձավ, որ շատերն անգամ չգիտեին օրենքի գոյության մասին. ինչի տենց օրենք էլ կա՞:
ԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ
«Առավոտ»
21,03.2017