Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 2-ը Հանրապետականի պատմության սեւ էջերից է

Մարտ 22,2017 16:00
hkk

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը երեկ առաջարկով էր հանդես եկել
ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետաձգել:

Երբ Հայաստանի քաղաքական կյանքում սկսեց քննարկվել ԱԺ ընտրության քվեարկությունը ապրիլի 2-ին նշանակելու որոշման օրինականությունը եւ քվեարկության օրը փոխելու հարցը, իշխող Հանրապետականը դեմ էր: Դրանից հետո՝ մայիսին, Երեւանի ավագանու ընտրություն է, ու ՀՀԿ-ին մի քիչ ընդմիջում է պետք: Քննարկումը մարել է: ԱԺ ենք ընտրելու ապրիլի երկուսին, իսկ ապրիլի 2-ը Հանրապետականի պատմության սեւ էջերից է:

2009 թվականին Երեւանում առաջին անգամ քաղաքի ավագանի ընտրեցինք: Հենց 2009-ի ապրիլի 2-ին էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արթուր Սեդրակյանը սպանեց Կարեն Հակոբյանին: Երեւանի ավագանու ՀՀԿ նախընտրական ցուցակում սպանողը 43-րդն էր, սպանվողը՝ 101-րդը: Մինչ այս սպանությունը, եղել էին «Հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձեւաչափով ընտրություններ, երբ որեւէ համայնքում ՀՀԿ-ն մի հոգու էր առաջադրում, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական, անտեսելով կուսակցության որոշումը, թեկնածություն էր առաջադրում եւ պայքարում հարազատ կուսակցության դեմ: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ում քիչ չեն կուսակցական կարգապահությամբ չփայլող մարդիկ, բայց սպանությունը չես համեմատի կուսակցական անկարգապահության հետ:

2009-ի ապրիլի 2-ի սպանությունից հետո լուրեր եղան, թե Կարեն Սամվելի Հակոբյանի (մականունը «Կիսատ») եւ Արթուր Անդրանիկի Սեդրակյանի (մականունը «Տիզ») միջեւ վեճը քաղաքական պատճառ ուներ. երկուսն էլ նույն տարածքի բնակիչ են եւ նույն տարածքից պիտի ձայներ բերեին՝ «ձայներ կիսելու» խնդիր է եղել: «Ով է ավելի զիլ տղա» վեճն էլ սպանության է հանգեցրել:

2009-ին Երեւանի ավագանի ընտրեցինք մայիսի 31-ին: Սպանությունը քվեարկության օրվանից մոտ երկու ամիս առաջ էր: Այս տարի Ազգային ժողով ենք ընտրելու ապրիլի երկուսին, իսկ Երեւանի ավագանի՝ մայիսին: Եվ ահա, հունվարի 11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա Արթուր Անդրանիկի Սեդրակյանը՝ հրազենային վնասվածքով, իսկ նրա ընկեր՝ 31-ամյա Ռոման Դավթյանը՝ քթի կոտրվածքով: Սա այն նույն Արթուր Սեդրակյանն է, որը 2009-ին քարոզարշավին ընդառաջ սպանեց իր կուսակցական ընկերոջը: Հիմա էլ նրան են փորձել սպանել ու դարձյալ քաղաքական թեժ շրջանում՝ քարոզարշավին ընդառաջ:

2009-ի սպանությունից հետո պաշտոնապես ասվեց, թե Արթուր Սեդրակյանը ինքնապաշտպանվել է, իր վրա հարձակված Կարեն Հակոբյանից խլել է զենքն ու ինքնապաշտպանվել: Պաշտոնական այս հայտարարությանը զուգահեռ լուրեր եղան, թե ոչ մի ինքնապաշտպանություն էլ չի եղել, զենքը Արթուր Սեդրակյանինն է, ու նա է նախահարձակ եղել: Հիմա բան չի ասվում: Ու էլի լուրեր կան, որ քաղաքական շրջանակներում եւ իրավապահ կառույցներում շատ լավ էլ գիտեն՝ ով է կրակել Արթուր Սեդրակյանի վրա եւ ինչու: Ուղղակի լռում են, որովհետեւ դեռ չեն գտել այն գեղեցիկ «փաթեթավորումը», որի օգնությամբ եղածը կմատուցվի հանրությանը:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Ցավոք, բացի Արթուր Սեդրակյանից, քաղաքական հարցերը ուժով եւ կրակոցներով լուծելու փորձեր անող այլ հանրապետականներ էլ կան: Այս ապրիլի 2-ին ընդառաջ էլ արդեն նման դեպքեր են գրանցվել: Բարեբախտաբար, զոհեր չկան:

 

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031