Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստների, «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների ծրագրերում մշակույթին անդրադարձ չկա

Մարտ 22,2017 15:00

Իսկ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը «Մշակութային մանիֆեստ» է հեղինակել

Տարբեր առիթներով պաշտոնյաներն ու կուսակցությունների ներկայացուցիչները պաթետիկ տոնով խոսում են մեր բազմադարյան մշակույթից եւ հայտարարում, թե այն մեր դիմագիծն ու այցեքարտն է:

«Առավոտը» դիտարկելով կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերը, պարզեց, որ ուժեր կան, ընդհանրապես մշակույթին վերաբերող բաժին չունեն, ոմանք էլ մեկ նախադասությամբ են անդրադարձել:

«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագրի մշակութային հատվածում ասվում է, որ մշակութային քաղաքականության ռազմավարությունը պետք է միտված լինի աշխարհին նաեւ մշակութային կապերով հաղորդակից ու ինտեգրված, մշակութային բազմազանությունը գնահատող, իր մշակութային ինքնությունը ճանաչող ազատ քաղաքացու ձեւավորմանը: Այս կուսակցությունը նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն է համարում քաղաքացու մշակութային դաստիարակությունը, խոստանում մշակույթի, արվեստի բնագավառում խթանել ազատ մրցակցությունը, բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը: Ի թիվս այլ հարցերի, «Ազատ դեմոկրատներն» իր առաջ խնդիր է դնում հաստատել ժամանակացույց՝ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների եւ մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը: Նաեւ խոստում կա բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը:

«Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների նախընտրական ծրագրում մշակույթի ոլորտին անդրադարձ չկա, իսկ ՀՅԴ-ն ընդամենը սեղմ շեշտում է, որ աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի, կրթության, մշակութային եւ հոգեւոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը:

ՀՀԿ-ն նախընտրական ծրագրում նշում է, թե որքան հարուստ ենք մշակութային արժեքներով եւ մեր պատմությամբ, սակայն այդ ամենը ոչ միայն պահպանելու, այլեւ աշխարհին ներկայացնելու ու մեր մշակույթը հետաքրքիր դարձնելու խնդիր ունենք: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ախտորոշել է` մարզերի մշակութային անհամաչափ զարգացում, աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսեւորումների անբավարար մակարդակ, մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն, մշակութային ծրագրերի եւ հեռուստահաղորդաշարերի ցուցադրման սակավություն, այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն Հայաստանում, մշակութային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման գործընթացներում ժամանակակից տեղեկատվական եւ տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում: ՀՀԿ-ն խոստանում է արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի իրականացման եւ պետական պատվերի տեղադրման մեխանիզմները, նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման եւ տարածման գործընթացին, փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձեւաչափն ու սկզբունքները:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ պետության մշակութային քաղաքականության հիմքում պետք է լինեն պատմամշակութային արժեքների պահպանությունը եւ գովազդումը, նաեւ առանձնահատուկ տեղ պետք է հատկացվի հայոց լեզվին՝ որպես մեր մշակութային ժառանգության հիմնասյան: Դաշինքը խոստանում է օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ այլ առնչվող օրենքները: Ի թիվս այլ կետերի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցանկություն ունի Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ, իսկ Հայաստանի ներսում ապահովել մշակութային, կրթական եւ գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:

Կոմունիստական կուսակցությունը եւս իր նախընտրական ծրագրում անդրադարձ չի արել մշակույթի ոլորտին: Կուսակցության ծրագրի «Ներքին քաղաքականություն» խորագրի ներքո նշված է, որ ընդունելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը Հայոց ազգապահպան եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում, միաժամանակ պատրաստակամ են պայքարել ազգի միասնությունը խարխլող տարատեսակ կրոնական աղանդների դեմ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ հարկավոր է համապատասխան մասնագետների ներգրավմամբ մշակույթի կառավարման նոր մոտեցումների ներմուծում, ինչը թույլ կտա մշակութային նախաձեռնությունների համար գտնել միջոցներ եւ նոր հնարավորո
ւթյուններ ստեղծել օժտված անհատների ու խմբերի համար: «Մենք կարեւորում ենք զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչը ենթադրում է Արցախի հարուստ մշակութային ժառանգության, պատմության եւ արդիականության պատշաճ մատուցումը: ՀՀ–ում գործող համապատասխան պետական ու մասնավոր կառույցների հետ համագործակցության խթանմամբ հարկավոր է խթանել զբոսաշրջությունը»,-ասվում է ԱՎԿ-ի նախընտրական ծրագրում։

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում մշակույթին վերաբերող հատվածը շարադրված է «Մշակութային մանիֆեստ» խորագրի ներքո: «Համազգային շարժմամբ եւ անկախությամբ սկզբնավորված մշակույթի ազատականացումը ավելի քան տասը տարի խեղաթյուրվում է: Ինչպես ազատ տնտեսություն, այնպես էլ ազատ մշակույթ ստեղծելու միտումները ճնշվում են` վերածվելով պարզունակ տնտեսության եւ մշակույթի: Բռնապետական համակարգը հավակնում է իր քաղաքական, տնտեսական, արժեքային հարթություններում արտադրել ինքն իր մեջ մշակույթ, այնուհետեւ այն թելադրել վերեւից ներքեւ: Նման համակարգի առաջին թշնամին ազատությունն ու բազմազանությունն է բոլոր ոլորտներում` թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային»,-ասվում է դաշինքի՝ մշակույթին վերաբերող բաժնում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խոստանում է քաղաքացու ստեղծագործական ազատությունների ապահովմամբ ու երաշխավորմամբ քաղաքացիական հասարակության ստեղծում, որտեղ ապահովված կլինեն քաղաքացու ազատ ինքնադրսեւորումը, մասնակցությունը մշակութային գործընթացներին, թե որպես ստեղծագործողի եւ թե որպես ստեղծագործական արդյունքներին հաղորդակցվողի: Ըստ այս դաշինքի, մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքները պետք է լինեն` մշակութային բազմազանությունը, ստեղծագործական նախաձեռնություններին աջակցելը, ինքնությունների ողջունումը եւ միջմշակութային հաղորդակցության քաջալերումը: «Մշակութային մանիֆեստում», ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ արդյունավետ մշակութային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է վարչահրամայական համակարգից արմատապես հրաժարվել եւ անցնել տարբերակված, ապակենտրոնացված համակարգի, որտեղ կապահովվի մշակութային հաստատությունների եւ ստեղծագործական նախաձեռնությունների, սեփականության, ղեկավարման, ֆինանսավորման ձեւերի բազմազանությունը:

Մշակութային ժառանգության հոգեւոր եւ նյութական արժեքները պետք է լինեն պետության հոգածության ներքո: Նաեւ նշվում է, պատմաճարտարապետական եւ բնության հուշարձանների ցանկը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից եւ օրենքի ուժ ունենա, իսկ բացառիկ մշակութային ժառանգություն պահպանող հաստատություններին եւ պատմաճարտարապետական արգելոցներին՝ օրենսդրորեն: Շեշտվում է` պետական, որեւէ այլ շահ չի կարող գերակա լինել, քան մշակութային կամ բնության հուշարձանի պահպանությունն է:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031