Վարչապետ Կարեն Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բացօթյա հանդիպում ունեցավ նաև Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի բնակիչների հետ։ Սա այն գյուղն է, որը գազաֆիկացված չէ, և որի գյուղապետը կիրակի օրն այս թեմայով հասցրել էր բողոքել Գյումրի այցելած Սերժ Սարգսյանին։
Եվ մինչ վարչապետը տարբերակներ էր առաջարկում, թե ջեռուցման որ միջոցն ավելի արդյունավետ կլինի, գյուղապետին առաջարկում էր գնալ Բասեն համայնք ու տեսնել, թե ի՞նչ նորարարությամբ է գյուղացիների տները ջեռուցում գյուղապետը, մի կին գազի թեմայով արտահայտեց իր դժգոհությունը։
«Էս երկիրը մենակ ձեզանո՞վ պիտի փոխվի, չէ՞ որ էսքան տարի մեր նախագահները, բոլորը նույն խոստումներն են տվել»։ Վարչապետը ուղղեց կնոջը՝ ասելով, որ ինքը խոստում չի տալիս, և ըստ իրեն, երկրի կառավարումը ոչ միայն իրենով է, այլ ժողովրդով։ Կինը շարունակեց, որ Ռոբերտ Քոչարյանը եկավ, խոստացավ, ասաց՝ գազի հարցը կլուծվի ու չլուծեց։
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Հարգելի ընկերուհի ջան, ես հիմա ձեզ ասել եմ գազի հարցը կլինի՞, ես լուծման տարբերակն եմ առաջարկում։ Որ ասում եք գազ, գազ, կարող է ձեր կողքը շուտվանից լուծումը կար առանց գազի, որովհետև 80 միլիոն գազը 300 տնտեսության համար դուրս է գալիս մի բաժանորդին շատ ավելի թանկ, քան հանրապետությունով մեկ քաշել ենք։ Գազից մի քիչ հասկանում եմ, գիտեք, չէ՞»։
Տիկինը հակադարձեց. «Մենք էլ ենք հասկանում, քիչ գազ ենք ստանում, բայց շատ մուծում, կալորիականությունն էնքան ցածր է, պարոն վարչապետ, մեկ բաժակ սուրճ եփելը տաս րոպե է տևում»։
Վարչապետն ասաց. «Դե եկեք, ես էդ դեպքում գազից չխոսամ, եթե էդքան գազից լավ հասկանում եք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ