Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաց բերողի մահվան մեջ վերջնական որոշում կայացրածն է մեղավոր». Վարդան Օսկանյան (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 21,2017 23:07

Այսօր Շահումյանի գերեզմանատան հարակից սգո սրահում Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հոգեհանգստի արարողությունն էր: Նա մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ՝ սրտանոթային անբավարարությունից:

Քաղաքացիների հոսքը չէր դադարում, գրեթե բոլորը մտնելիս ափսոսանքով ասում էին՝ «Ափսոս, մի լավ, լուսավոր մարդ էլ պակասեց»: Հարազատներին ցավակից լինելու եւ ինչպես իրենք էին ասում՝ իրենց հոգու պարտքն էին կատարում նաեւ մի շարք քաղաքական գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ:

Վարդան Օսկանյանը եւս այնտեղ էր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր են երկրորդ անգամ կալանման որոշում կայացնողները. «Նման որոշումները նույնիսկ քննիչների մակարդակով չեն կայացվում: Գնում է դեպի վերեւ. զանգում, հարցնում են՝ անենք, թե՝ չէ: Ով որ վերջնական որոշումը կայացրել է՝ նա մեղավոր է»:

Նա անուններ չհնչեցրեց, սակայն հաստատեց լրագրողների այն տեսակետը, որ որոշումը քաղաքական է եղել:

Իսկ այն կարծիքը, որ Արթուր Սարգսյանը փորձել է միանալ ՕՐՕ դաշինքին եւ երկրորդ կալանավորումը դրա հետ է կապված եղել՝ պարոն Օսկանյանը հերքեց: Անմեղ-մեղավորի հարցը դարձյալ շոշափելիս՝ ասաց «Բայց որ մեղավորը իշխանությունն է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»:

Նման երեւույթի պատճառը Վարդան Օսկանյանը համարեց այն, որ այս իշխանությունները քաղաքական հնարավոր բոլոր ճանապարհները երկրում փոփոխություն անելու համար փակել են. «Այլապես ինչի պիտի զենքի դիմեին մարդիկ»:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռեր» զինված խմբին հաց տանելու՝ օժանդակելու մեջ: 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել՝ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով, սակայն, փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը այդ ժամանակ հայտարարել էր հացադուլ՝ պահանջելով փոխել իր խափանման միջոցը՝ կալանքը: 27  պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը ազատ էր արձակվել եւ անմիջապես տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ եւ կարճ ժամանակ անց մահացավ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031