Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ է արել Աշոտ Հայրապետյանն իր քաղաքի համար (Ֆոտոշարք)

Մարտ 21,2017 21:44

«Տարիներ առաջ ընդառաջելով կապանցիների խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Կապանում Ջրաշխարհի կառուցման հարցում, սակայն, ինչպես այսօր արդեն իսկ պարոն Ծառուկյանը հայտարարեց, քաղաքային իշխանությունների կողմից որոշում էր կայացվել նույն վայրում բնակելի տներ կառուցել, որոնց շինարարությունն էլ, ի դեպ, արդեն մի քանի տարի է դադարեցված է: Միգուցե Կապանի քաղաքապետի անտեղյակությունը պայմանավորված է տեղեկատվության պակասով, կամ բացատրվում է իրականության միայն իրենց ձեռնտու մասերին անդրադառնալու ցանկությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված եւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր, քարոզարշավային հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը քննադատական հայտարարություն հնչեցրեց Կապանի տեղական իշխանությունների հասցեին, որ տարածք չեն հատկացրել`ջրաշխարհ կառուցելու համար:

Այս առիթով, Armtimes.com-ի հետ զրույցում, Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասել էր. «Ծառուկյանը Կապանի քաղաքապետարան, Կապանի տեղական իշխանություն եզրույթներն օգտագործելով չգիտեմ ում նկատի ուներ, համենայնդեպս իմ պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ես նման առաջարկ չեմ ստացել: Ավելին ասեմ, այդ կառուցվող շենքերը, որոնց մասին խոսք է գնացել, նույնպես իմ պաշտոնավարման ընթացքում չեն սկսվել կառուցվել, եւ ես չեմ կարող նման զուգահեռներ անցկացնել»:

«Պարոն Ծառուկյանն արդեն իսկ շատ հանգամանորեն այսօր բացատրել է, որ իր կողմից տրված որևէ խոստում անկատար չի մնացել, և եթե քաղաքային իշխանությունների կողմից լիներ փոխադարձ ցանկություն սեփական քաղաքի համար որևէ լավ բան անելու, ապա վստահաբար Գագիկ Ծառուկյանը կյանքի էր կոչելու այդ նախաձեռնությունը»,- ասաց Իվետա Տոնոյանը`հավելելով. «Ինչ վերաբերում է աթլետիկայի մարզադպրոցի կառուցման մասին քաղաքապետի ակնարկին, ապա պետք է ասեմ, որ Գագիկ Ծառուկյանի կողմից երբևէ նման խոստում չի տրվել: Իհարկե, հասկանալի է սեփական անգործությունը և սեփական քաղաքի համար ոչինչ չանելու գործելաոճը ուրիշներին վերագրելու ոմանց ցանկությունը, սակայն ստիպված ենք իրականության առջև բացել նրանց աչքերը: Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում խոստացել է կառուցել մարզադպրոց Սիսիան քաղաքում, որը և արել է, և վաղը տեղի է ունենալու դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ քաղաքապետին խորհուրդ կտանք սեփական քաղաքի համար իր կողմից արված աշխատանքների վիճակագրություն կազմել, եթե այդպիսիք, իհարկե, գտնվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031