Խորհրդարանական ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մի քանի առաջարկ ներկայացրեց՝ ինչ անել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչվեն:
Ըստ նրա, ամեն ինչ պետք է սկսել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից. «Եվս մեկ անգամ հարցում կատարել ստույգ պարզելու՝ ինչպես են քվեարկել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, որովհետեւ ընտրությունները կապված են Սահմանադրության փոփոխությունների հետ: Այս Սահմանադրությամբ քաղաքացիների իրավունքները երկու անգամ կրճատվել են»:
Պարոն Հայրիկյանի խոսքով, պետք է բոյկոտել ապրիլի երկուսի ընտրությունները. «Անվերապահորեն կոչ անենք, որ գնում եք տեղամաս եւ քվեաթերթիկի վրա երկու կողմից խաչ եք քաշում, խաչ քաշել ընտրակաշառք առաջարկող ու կեղծ հանրաքվե առաջարկողների վրա: Այս ընտրությունները պետք է անվավեր դարձնենք ոչ թե հենց այնպես, այլ, որ ավելի լավ ընտրություններ ունենանք, բայց մեր ուշադրության կիզակետում պետք է լինի Սահմանադրությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև