«Եթե չես ուզում քեզ ու քո ընտանիքին վարի տանք, մարտի 26-ի հանդիպմանը ներկա չեք գտնվի ու ֆան ակումբի գործունեությունը ավարտում եք»:
Ֆուտբոլի «Red Eagles» ֆան շարժման հիմնադիր համակարգող Դենիս Սարգսյանն այս բովանդակությամբ սպառնալիք գրությունը հայտնաբերել է երեկ երեկոյան, Ավան թաղամասում կայանած իր մեքենայի դիմապակու վրա: Ինքը՝ Դենիսը, չի պատկերացնում, թե դա ով կարող էր անել: «Հետաքրքիրն այն է, որ դեպքը ոչ թե մեր տան մոտ է եղել, որ մտածեմ՝ տան տեղը գիտեին, այլ ուրիշ վայրում: Ընկերոջս տուն էի գնացել: Որտեղի՞ց պետք է իմանային, որ այդ ժամին այնտեղ եմ: Հետեւաբար, հետեւել են: Ո՞վ կարող է լինել՝ չեմ պատկերացնում: Անձնական հարց չի կարող լինել՝ որովհետեւ ընդհանրապես մեր շարժման գործունեությունը դադարեցնել են պահանջում նաեւ: Ես, մեր ֆան ակումը ոչ մի անհատի կամ կազմակերպության հետ լուրջ թշնամական հարաբերություններ կամ հակասություններ չի ունեցել եւ չունի: Չեմ պատկերացնում, թե ովքեր են եւ ինչի համար է այս սպառնալիքը: Հայտարարությունով դիմել ենք ոստիկանություն: Խոստացել են ամեն բան անել բացահայտելու համար», – Aravot.am-ին ասաց Դենիսը:
Հարցին, թե սպառնալիքն ստանալուց հետո ի՞նչ են մտադիր անել, Դենիսը պատասխանեց. «Շարունակելու ենք մեր գործունեությունը: Վախենալու խնդիր չունենք: Ղազախստանի հետ հանդիպմանը, ինչպես ամեն անգամ, ներկա ենք լինելու եւ շարունակելու ենք երկրպագել ու ոգեւորել Հայաստանի ազգային հավաքականին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դենիս Սարգսյանի ՖԲ էջի