Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար: Ինչպես հաղորդում է life.ru կայքը, Գերաշչենկոյի խոսքով, եթե երգչուհին այցելել է Ղրիմ, նրա հարցով «առանձին որոշում» կկայացվի:
«Չի կարելի Յուլյա Սամոյլովային (ՌԴ-ի ներկայացուցչին-խմբ) պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա եղել է Ղրիմում, իսկ մյուսներին՝ ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը եղել է Ղրիմում, դա կքննարկվի բոլոր կետերով»,-հայտարարել է նա:
Գերաշչենկոն նաև նշել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները կստուգվեն հատուկ ծառայությունների կողմից՝ պարզելու համար, թե մասնակիցներից ով է եղել Ղրիմում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ում, որն անցկացվելու է Կիևում, Հայաստանը ներկայացնելու է Արծվիկ Հարությունյանը՝ Fly With Me երգով: Երգչուհու ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել, երբ նա 5 տարեկան է եղել: Արծվիկը սովորել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում: