Նախընտրական քարոզչության ընթացքում հանրությանը ներկայացվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «խաղաղության ծրագիրը», որը հիմնված է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» վրա, աստիճանաբար հասկանալի է դառնում քաղաքացիներին: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Հետաքրքրվեցինք, թե ներկայում Ադրբեջանն ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է համաձայնի «Մադրիդյան սկզբունքների» իրագործմանը: «Եթե Ադրբեջանը համաձայն չի, ինչո՞ւ է բանակցում»,-հարցադրում արեց Արամ Մանուկյանը: «Բայց Ադրբեջանը բանակցո՞ւմ է» հարցին էլ այսպես արձագանքեց. «Այս քսան տարի բա ի՞նչ է անում: Բանակցում են, բայց լրիվ ուրիշ բան են ասում իրենց հանրությանը: Ադրբեջանը չի կարող գերտերությունների հետ նստել սեղանի շուրջ եւ ձեւականությամբ զբաղվել: Եթե ՀՀ-ն նախաձեռնող լինի, Ադրբեջանը կմնա միայնակ գերտերությունների ճնշման դեմ: Ոչ մի Ալիեւ չի կարող դիմանալ այն ճնշումներին, որոնք կարող են ներկայացնել գերտերությունները, միջազգային հանրությունը եւ եռանախագահները»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունները նախաձեռնող են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելու հարցում: «Իրավիճակի բարդությունը եւ դրան գնալու անհրաժեշտությունն իշխանությունները գիտեն: Նրանց խանգարում են «ոչմիթիզհողական» կուսակցությունները եւ պոռոտախոսության մրցավազքը: Իշխանությունները շատ ավելի լավ են տիրապետում իրավիճակին եւ սպառնալիքներին: Մնում է՝ քաղաքական որոշում կայացնել, որը դժվար է լինելու: Վախենում են, որ դա կարող է իշխանություն նստել իրենց վրա: Վստահ եմ՝ գիտեն, որ այդ դեպքում լուրջ հարվածներ են ստանալու ներսում: Մենք այլընտրանք տալիս ենք: Եթե քաղաքական կամքը չի բավարարում նրանց, ասում ենք՝ առանց ճնշման հրաժարական տվեք»,-պատասխանեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր երեկոյան «Հանրային հեռուստատեսությամբ» նշյալ հարցի շուրջ հարցազրույց կտա ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ