Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը ձեռնպահ է մնում Նաիրա Զոհրաբյանին պատասխանելուց

Մարտ 21,2017 16:27

Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը ձեռնպահ մնաց պատասխանել ու մեկնաբանել «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, «Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակի 3-րդ համար Նաիրա Զոհրաբյանի` իր հասցեին հնչեցված որակումներին:

Նա տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին:

Նշենք, որ ավելի վաղ ստացել էինք թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանի մեկնաբանությունն այս կապակցությամբ: Նա մասնավորապես այսպիսի դիրքորոշում է հայտնում. «Եթե Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հաճախորդ լիներ, ապա Արարատի ցեմենտի գործարանը իրենը կլիներ, ոչ թե Հովիկ Աբրահամյանինը ու Գագիկ Ծառուկյանինը, որոնց` ում հաճախորդ լինելը, տիկին Նաիրան այդպես էլ չի կողմնորոշվում»:

Նշենք, որ հեռական բանավեճը ծավալվեց այն ժամանակ, երբ Արմավիրում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց , որ Գագիկ Ծառուկյանը չի կարող ընդդիմություն լինել. «Այս երկրում բոլորդ էլ գիտեք, որ անգամ կաթի մթերման կետ ունենալ հնարավոր չէ, եթե դու իշխանության հետ չես համագործակցում։ Կփակեն հենց հաջորդ օրը։ Ինչպե՞ս կարող է երկրի ամենահարուստ մարդը ընդդիմադիր լինել։ Դա անհնար է։ Կներեք ինձ, բայց ես ինչպես Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը չեմ հավատում, այնպես էլ չեմ հավատում Գագիկ Ծառուկյանի` ընդդիմադիր լինելուն»: Նա Արմավիրում ասաց. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ ես ձեզ սիրում եմ»։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդուն ընտրում եք ու նա Հայաստանը ներկայացնում է ասենք ՄԱԿ-ում, ու մտքի այսպիսի գոհարներ է ասում»:

«Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու, «Ծառուկյան դաշինքի» ընտրական ցուցակի 3-րդ համար Նաիրա Զոհրաբյանն արձագանքել էր. ««Երբ իշխանության հաճախորդները սկսում են անասելի ակտիվություն ցուցաբերել, դա մեկ բանի վկայություն է՝ «Ծառուկյան» դաշինքը բացարձակ առաջատար է: Դա ցույց տվեցին նաեւ նախընտրական քարոզարշավի 15 օրերը: Իշխանությունը կանխազգալով իր մոտալուտ պարտությունը, հրապարակ է արտանետում իշխանական տարբեր լաբորատորիաներում բուծված իր հաճախորդներին»:

Այնուհետև խոստացել է, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվող իշխանափոխությունից հետո քաղաքական դաշտը լքելու են ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ «նրանց բոլոր հաճախորդները՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031