Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս,
Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության և ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը,
Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը,
Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում,
Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝
Համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաև այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են,
Դատապարտում ենք արտահայտման և տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները և սահմանափակումները,
Փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատությունների սահմանափակման և ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին,
Հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու Մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաև խաղաղության քարոզման գործում:
Ստեփանակերտ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն
20.03.2017 թ.