«Պոեզիան այն է, երբ զգացմունքները գտնում են մտքեր, իսկ մտքերը՝ բառեր»:
Ռոբերտ Ֆրոսթ
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակեց պոեզիայի համաշխարհային օր: Տոնի խորհուրդն է այդ օրն ամբողջ աշխարհում տարածել պոեզիայի ընթերցանությունը ու հրատարակչությունը: Հայաստանում այդ օրը տարբեր վայրերում անց են կացվում ընթերցանության երեկոներ, հեղինակների հետ հանդիպումներ ու այլ միջոցառումներ: «Առավոտ»-ն այս տոնի առթիվ փորձել է հանրությանը ներկայացնել երիտասարդ պոետների, որոնք լի են ասելիքով և հարթակ են փնտրում ասելիքը տեղ հասցնելու համար:
«Գրելը ինձ թույլ է տալիս խոսել նրա մասին, ինչի մասին կարող է լռեմ առօրյայում»
Կարդացեք նաև
19-ամյա Սահակյան Դավիթն առաջին անգամ փորձել է ինչ-որ բան գրել, երբ մի օր լսել է Արթուր Մեսչյանի «Քրքրված սիրտը իմ» երգը: Դրանից հետո նստել է երթուղային ու ուղիղ գնացել Կոմիտասի պանթեոն. Մեսչյանն այնտեղ այդ ժամանակ Կոմիտասի թանգարանն է կառուցելիս եղել: Մոտ մի ժամ այդ շենքի շուրջ պտտվելուց, քայլելուց հետո, Դավիթը գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը կոչել է «Նա էլ չի լինի»:
«Չգիտեմ՝ լավն էր, թե վատը, բայց շատ կարևոր սկզբնակետ է իմ կյանքում»: Հենց այսպես էլ սկսել է ու չի դադարել գրել:
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
-Նախևառաջ ոգեշնչում է այն, որ ես կարող եմ բառերի շնորհիվ ասել այն, ինչ ուզում եմ: Մարդիկ խոսում են, և հաճախ ոչինչ չեն ասում, ուղղակի պատրաստված, շաբլոնային բառեր են օգտագործում, իսկ ես չեմ վախենում բառերն օգտագործել մտքինս ասելու համար:
-Ո՞վ կամ ովքե՞ր են Ձեր ամենամեծ քննադատները:
-Առաջին քննադատս նախևառաջ ես եմ՝ մի երկու ժամ կամ մի օր հետո: Երկրորդը իմ ընկերուհին է, իսկ երրորդը՝ իմ մտերիմ ընկերը` դե կախված պայմաններից. որն ավելի մոտ է լինում տարածքային առումով, նրան էլ ցույց եմ տալիս:
-Ո՞րն է այն թեման, որով հիմնականում ստեղծագործում եք:
– Գրում եմ այն բոլոր թեմաներով, որոնց մասին կարող է չխոսեմ կենցաղում: Գրելը ինձ թույլ է տալիս խոսել նրա մասին, ինչի մասին կարող է լռեմ առօրյայում:
-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ գուցե ամենազավեշտալի վայրը, որտեղ կայծակնային արագությամբ գրելու ցանկություն է առաջացել:
-Իմ բոլոր լավ մտքերը գալիս են գրելու համար ամենաանկապ վայրերում: Ասենք՝ քայլելիս կամ մածուն գնելիս: Բայց երևի ամենամոտիվացիոն տեղերից մեկը Կոմիտասի թանգարանի տարածքն էր, որովհետև ճակատագրական էր ինձ համար: Այդ կայծակնային ցանկությունը մեկ-մեկ գալիս է նաև իմ սիրած սրճարաններում
– Դուք նաև ստեղծագործում եք անգլերեն: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Ուղղակի կան որոշ թեմաներ, որոնք ես չեմ կարողանա արտահայտել հայերեն բառերով: Դրանք տիպիկ անգլերեն են:
-Հե՞շտ եք գրում անգլերեն:
-Շատ հեշտ: Անգլերեն գրելիս և՛ սովորում եմ, և՛ գրում, որովհետև այն օտար լեզու է, բայց հայերենով ես ավելի պարզ ու դավիթական եմ գրում:
So when you’re standing in the haze,
While crafting your
Surviving door
Here on the floor your ruined prayers
Can’t even stand straight anymore.
And it’s a pain, a kind of one,
That all in all
Is very dull,
And freaky souls just blindly run
To psychedelic rosy hall.
(Հատված Դավիթի “The Sweetest Pain”
բանաստեղծությունից)
-Ունե՞ք հեղինակային նորաբանություններ:
– Այնպես է ստացվում, որ նորաբանություններն անընդհատ գալիս են: Պոեզիայի մեջ՝ քիչ, բայց արձակագրության մեջ՝ բավականին շատ:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի նորաբանությունը:
-Օրինակը բերեմ իմ «Ապրիլյան ֆիեստա» պոեմից: Մի հատվածում վիրտուալ աշխարհի մեջ զոմբիացած մամուլի և այդտեսակ ժողովրդի մասին խոսելիս դիմում եմ՝ «էկրանե դեմք» արտահայտությանը:
Իսկ այդժամ, երբ տաք արյունը ցայտում է,
Եվ խրամատն է առկայծում անվերջ,
Մեկ այլ մարտադաշտ պելանած պայթում է
Թվային ագահ հրդեհից անշեջ:
Մեկի–զրոյի բանակն է… գոռում է,
Իր թույնը լցնում այս բացված վերքին,
Ու թվե ցանցերն ապուշին փարվում են
Ու սուտ են թքում էկրանե դեմքին:
(Հատված «Ապրիլյան ֆիեստա»-ից)
– Իսկ ո՞րն է Ձեր գրած ստեղծագործություններից ամենասիրելին:
– Երևի կոնկրետ գործ չկարողանամ նշել, որովհետև ամեն մեկում ինչ-որ բան եմ ցանկացել ասել: Երևի ամենաանկեղծ գործերիցս մեկը վերջերս գրած բանաստեղծությունս է` «Anima Mea»-ն: Լատիներենից թարգմանվում է՝ որպես իմ հոգին:
Մի բոցագլուխ սերնդին հենված
Կանչում եմ ես ձեզ այս զիլ բարձունքից:
Եկե՛ք ու պոկեք ամենքդ մի ջիլ,
Ամենքդ մի կում արյուն էլ խմեք,
Կարմիրով ներկեք երկինքը իմ բիլ
Եվ ապա արբեք, տեսեք՝ չխեղդվեք…
Ու կու՛րծքս պատռեք մի հուռն ոռնոցով
Գազանի նման լափե՛ք սիրտը իմ,
Եվ թող թպրտան այսահար լացով
Նրանք, ում հերթ չհասավ խնջույքին:
(Հատված «Anima Mea»-ից)
-Ի՞նչ գույնով կնկարագրեք «Anima Mea»-ն:
-Կարմիր, բորբ կարմիր:
Դավիթի գործերը դեռ միայն հրապարակվել են սոցիալական կայքերում, նրա անձնական, ինչպես նաև ԵՊԼՀ-ի ուսանողական բլոգում: Պլանավորում է 2017 թ.-ին տպագրել իր առաջին վեպը, որը գրեթե ավարտել է: Հարցին, թե ինչի՞ մասին է այն, երիտասարդ հեղինակը պատասխանեց.
– Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ` ինչի մասին է: Այն ավելի շատ «բարի լույս» է բոլորին, ծանոթացում Դավիթ Սահակյանի մտածողության հետ:
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է ՀՀ մշակույթի նախարարությունը կամ Գրողների միությունը աջակցել երիտասարդներին հրատարակչական գործում:
– Իմ կարծիքով՝ Գրողների միությունը, միակ ազդեցիկ բանը, որ այս պահին կարող է անել, գրողների ակադեմիա բացելն է: Շատ լավ մասնագետներ կան, որ տարբեր տեղեր դասընթացներ են վարում: Կարելի է նրանց հրավիրել և որոշակի գործունեություն ծավալել գրողների մակարդակի բարձրացման համար:
– Ըստ Ձեզ՝ ՀՀ կառավարությունն ինչ-որ ձևով կարո՞ղ է աջակցել երիտասարդ գրողներին:
– Մի փոքր դժվար հարց է, բայց իմ կարծիքով կարելի է ինչ-որ հիմնադրամներ բացել և տաղանդը ստուգելուց հետո, փորձել ձեռք մեկնել: Ասենք՝ մրցույթների միջոցով տպագրվեն տարվա երեք լավագույն արձակագիրները: Մեր երկրում ամեն ինչի համար էլ գումար կա, ուղղակի այն պետք է ճիշտ ուղղորդել: Այդպես ամեն ինչ էլ կկարողանանք զարգացնել և՛ արվեստը, և՛ գիտությունները:
– Մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է: Ինչպե՞ս եք անցկացնելու այն:
– Անկեղծ ասած, ես ինչ-որ բանի նվիրված օրերին և տոներին շատ թամբալ մարդ եմ: Նույնիսկ չեմ էլ մասնակցում: Տանը նստում եմ ու ասում՝ հա, բայց ինչի՞ չեմ մասնակցում: Բայց այդ օրը երևի կկարդամ մի քիչ:
-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք, որ մարդիկ այդ օրը կարդան:
– Թող նորից կարդան դասական հեղինակների գործերը, որովհետև մենք ընդհանրապես չենք հասկանում նրանց: Մեզ թվում է, թե անցել ենք Չարենց և այլն, բայց իմ կարծիքով մենք ամբողջությամբ չենք ճանաչում նրանց: Իմ կարծիքով, հիմա նրանց դարձրել ենք ֆեյսբուքաստատուսային դեմքեր: Բայց սա չի նշանակում, որ չպետք է ճանաչենք նորերին, որովհետև նրանք կան ու տաղանդավոր են:
– Ինչպե՞ս կշնորհավորեք պոեզիայի սիրահարներին:
– Մաղթում եմ, որ երբեք չվախենան ինչ-որ բանի մասին խոսելուց: Թե բանաստեղծը, թե արձակագիրը պետք է ասի այն, ինչ կա իր ներսում:
Պոեզիայի օրն ամեն օր է
23 -ամյա բանասեր Նազիկ Գասպարյանը գրել սկսել է շատ պատահական: Սկզբում ամաչել է գործերն ինչ-որ մեկին ցույց տալ, բայց հետո, աստիճանաբար հասկացել է, որ կարդում են իրեն: Նազիկի համար հայկական պոեզիան սկսում ու վերջանում է Սահյանով, իսկ հարցին, թե որն է Սահյանի բանաստեղծություններից նրա համար ամենասիրելին, նա այդպես էլ չկարողացավ պատասխանել. «Չեմ կարող ընտրել. նա միանգամայն այլ աշխարհ է»: Նազիկը պարբերաբար տպագրվում է «ԹիՎի ալիք» թերթի «Շավիղ» երիտասարդական հավելվածում, իսկ «Անդին» ամսագրում էլ վերջերս լույս է տեսել նրա բանաստեղծական շարքը: Ունի համահեղինակային 2 գիրք՝ «Գրական զարկերակ» և «Նուռ»:
-Ի՞նչն է ոգեշնչում Նազիկ հեղինակին, որ գրի:
-Ոգեշնչում է ամեն ինչն ու բոլորը: Կարող է լինել ցանկացած մարդ, ում կտեսնեմ փողոցում, կարող ես լինել դու:
– Իսկ ի՞նչ թեմաներով եք հիմնականում ստեղծագործում:
-Պատմվածքներս մեծ մասամբ վերհուշի տեսքով եմ գրում: Գրում եմ նաև սոցիալական թեմաներով. թե ինչ է կատարվում առօրյայում, մեր ու ձեր տանը: Բայց բանաստեղծություններս հիմնականում սիրո թեմայով են:
-Ո՞րն է Ձեր գրած ամենասիրելի բանաստեղծությունը:
-Եթե ստիպված լինեմ ընտրել, կընտրեմ «Քամիներ լինեն, որոնք քեզ թողնեն…» ստեղծագործությունս:
Երբ քո կոպերից գիշերներ կաթեն
Ու այգաբացի հույսեր չունենաս
Գալու եմ դառնամ ես առավոտդ
Որ դու հավատդ երբեք չուրանաս:
Երբ կորցրած լինես թանկություններդ
Արժեք չունենան ոչինչ ու ոչ ոք
Գլուխդ կառնեմ իմ ափերի մեջ
Որ քեզ չտեսնեմ երբեք գլխիկոր:
Երբ որ խռովես ինքդ քո բախտից
Ու աշխարհի հետ լեզու չթրջես
Գամ առնեմ գիրկս, լանք ու
Հաշտեցնեմ աշխարհին ու քեզ:
Քամիներ լինեն, որոնք քեզ թողնեն
Անտուն, անտանիք ու մաշեն հույսդ
Թողնեմ ամենքին, ամեն բան թողնեմ
Գամ դառնամ հույսդ, տանիքդ, տունդ:
-Ի՞նչ գույնով կբնութագրեք այն:
– Ինձ համար այն բաց կապույտ է:
Նազիկը նաև նշեց, որ հիմնականում գրում է ճապոնական ոճով բանաստեղծություններ, որոնք եթե շարենք կողք կողքի, կդառնան սովորական պատմողական նախադասություններ:
Իմ
հեղեղներին
անձրևանոցդ
չդիմացավ…
Դու
բարակ–մարակ
անձրևների ես
սովոր…
-Ո՞րն է ամենահետաքրքիր, գուցե և զավեշտալի վայրը, երբ միանգամից ցանկություն է առաջացել գրել:
-Միջանկյալ քննության ժամանակ էր (ծիծաղում է):
-Գրեցի՞ք:
-Ցավոք չկարողացա: Հանգստացրի ինքս ինձ ու շարունակեցի քննությունս:
Զրույցի ընթացքում, երբ հարցրինք, թե ինչը կարող է երիտասարդ հեղինակների համար գրելու խթան հանդիսանալ, Նազիկն ասաց, որ սկսնակ գրողի համար տպագրվելն ամենամեծ խթանող ուժը կարող է լինել: Հետո ավելացրեց.
«Բայց լավ կլինի, որ հրատարակչությունները մի պահ մոռանան, որ այդ գործը եկամտի աղբյուր է, ու տպագրեն այնպիսի բաներ, որոնք գրական արժեք ունեն: Պիտի կարողանան տարանջատել, թե ում են տրամադրում այդ հարթակը: Կարելի է հենց տարեսկզբում ընտրել որևէ մեկին, տալ մեկ տարի ժամանակ, որի ընթացքում նա կաշխատի տարեվերջին ներկայացվող իր գործերի վրա: Ու տարին թող նվիրված լինի կոնկրետ այդ հեղինակին: Մշակույթի նախարարությունը կամ Գրողների միությունը նույնպես կարող է ֆինանսավորել հեղինակներին, քանի որ երիտասարդներին օժանդակություն ամեն դեպքում պետք է»:
-Մարտի 21-ին շատ միջոցառումներ են լինում Երևանում, արդեն պլանավորե՞լ եք, թե որտեղ եք լինելու այդ օրը:
-Դեռ չգիտեմ, թե ում հետ ու որտեղ կլինեմ: Աչքի տակ ունեմ Իսահակյանի անվան գրադարանի պոեզիայի երեկոն, քանի որ ամեն տարի այն ամենալավն է լինում: Հույս ունեմ այս տարին էլ բացառություն չի լինի:
-Ինչպես կշնորհավորես պոեզիա սիրող հասարակությանը:
-Շնորհավորում եմ ի սրտե, ու կասեմ, որ պոեզիայի օրն ամեն օր է: 2 հատ բանաստեղծություն ամեն օր թե կարդաս, ամենաընտիր պոեզիայի օրն է:
Մելանի Սարգսյան
Ռոզա Հակոբյան