Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չի կատարել իր նախընտրական խոստումը. «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի զեկույցը

Մարտ 21,2017 15:57

Այսօր «Պառլամենտ մոնիտորինգը» ամփոփեց հինգերորդ գումարման ԱԺ-ի գործունեությունը: Ըստ այդմ, 10 նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն ընդդիմադիրների ներկայացրած 58 նախագիծ մերժել է եւ չի ընդգրկել օրակարգ: Քննարկվել է 10 նախագիծ եւ մերժել է, ընդդիմադիրների ընդամենը 10 նախագիծ է ընդունվել:

ԱԺ-ի ընդունած օրենքների 92 տոկոսը կառավարության նախագծերն են եղել եւ միայն 8 տոկոսը՝ օրենսդիրների: Սա վկայում է այն մասին, որ օրենսդիրներն իրենց հիմնական գործառույթը զիջել են կառավարությանը:

5-րդ գումարման ԱԺ-ում, ըստ զեկույցի, քաղաքական ուժերը ոչ միշտ են հարազատ մնացել իրենց սկզբունքներին՝ որոշ դեպքերում առանցքային նշանակություն ունեցող հարցերում: Խորհրդարանում այս 5 տարվա ընթացքում ընդունված օրենքների մոտ 10 տոկոսն է մայր օրենք, մնացած դեպքերում փոփոխություններ են արել ընդունված օրենքներում: Մյուս կարեւոր ցուցանիշն այն է, որ ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: Սրա արդյունքում, ըստ ծրագրի պատասխանատուների, ունենք ոչ որակյալ օրենքներ, որի պատճառով էլ անընդհատ փոփոխվում են ընդունված օրենքները: Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընդունված օրենքների քանակը վկայում է, որ առաջնորդվել են այս սկզբունքով՝ ինչքան հնարավոր է արագ եւ առանց քննարկելու օրենքներ ընդունենք:

ՀՀԿ-ն, օրինակ, մինչեւ 2013-ը սկզբունքորեն դեմ էր ՀՀ-ում խորհրդարանական կառավարման անցնելուն՝ հայտարարելով, որ տարածաշրջանային սրված մարտահրավերների պայմաններում կարող է այն հանգեցնել ցնցումների եւ ապակայունացման, իսկ հետո ՀՀԿ-ն սկսեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը դիտարկել որպես այդ նույն մարտահրավերներին դիմակայելու լավագույն եւ ամենաարդյունավետ միջոց:

3 անգամ քաղաքական մեծամասնության աջակցությամբ փոխվել է շրջանառության հարկի շեմը, ինչը բացասական հետեւանքներ է ունեցել ՓՄՁ ոլորտի վրա: ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով պարտավորվել էր աստիճանաբար վերացնել շահութահարկի նվազագույն շեմը, այդ դրույթը փաստացի չի կատարվել, ճիշտ հակառակ մոտեցումն են որդեգրել: Զեկույցում անդրադարձ կա, որ 5 տարվա մեջ 40 անգամ փոխել են «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, 38 անգամ փոխվել է «Պետտուրքի մասին» օրենքը, բայց գերակա ճանաչված ոլորտների, օրինակ, Օտարերկրյա ներդրումների մասին օրենքը փոխվել է վերջին անգամ 10 տարի առաջ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը արձագանքեց՝ ախր պիտի ներդրումներ լինեն, որ օրենքը թարմացնեն:

Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն իր 70 հոգանոց խմբակցությամբ ակտիվ չի աշխատել, ըստ զեկույցի:

ԲՀԿ-ի վրա մեծ ազդեցություն է ունեցել խմբակցության փաստացի պառակտումը, որի պատճառով 7-րդ նստաշրջանից սկսած՝ ԲՀԿ-ն հանդես է եկել տարբերակված, հակասական դիրքորոշումներով:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն ասաց, ՀԱԿ-ը ավելի շատ կենտրոնացել է քաղաքական գործունեության վրա, քան թե օրինաստեղծ: «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը ավելի շատ քաղաքական մեծամասնությանը դիմադրելու վրա են ուշադրություն դարձրել, քան սեփական նախաձեռնությունների եւ իրենց նախագծերն էլ ավելի շատ քաղաքական նշանակություն են ունեցել՝ տարբեր ժամանակաշրջանում քաղաքական սուր հարցերի հետ կապված ԱԺ-ի դերն ընդգծելու քայլեր են արել հիմնականում. «Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը «Ժառանգություն» կուսակցության ծրագրային հիմնական սկզբունքն էր, անցումը համարում էին բոլոր տեսակի մենաշնորհների վերացման նախադրյալն ու նախապայմանը, բայց Սահմանադրական փոփոխությունների ժամանակ սկզբունքորեն դեմ հանդես եկան, թեեւ հիմնավորեցին, որ այդ նախաձեռնության տակ այլ քաղաքական խնդիրներ կան, քան թե բուն խորհրդարանական կառավարման անցումը: ՀԱԿ-ը ի սկզբանե կիսանախագահական, նախագահական համակարգի կողմնակիցներից է»:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին, այդ կուսակցությունները ակտիվացել են խորհրդարանում, երբ ընդդիմադիր են որպես հանդես եկել: Իշխանության հետ կոալիցիա կազմելով՝ նրանք պասիվացել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031