Մեծ Մանթաշ գյուղում «Ելքի» քարոզարշավի ընթացքում Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում «Ելք» դաշինքի կողմից տարածքային ցուցակում ներառված Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, թե իր հայրենի գյուղից է «դուխ» վերցրել: Այնուհետև հիշեց իր մանկությունը. «Ամեն անգամ, երբ Ղարաբաղից գալիս էին մեր հայրենակիցները, առաջին քայլս այն էր, որ ելնեի, տեսնեի, հո զոհվածներ չկա՞ն: Ամեն անգամ ինձ համար կարևոր ու պատվարժան պահ էր, որ իմ գյուղացիները ողջ առողջ գալիս հասնում էին»:
Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման համար պայքարել է փողոցում, որ ապրիլի 3-ին Թալիշում զինվորի կողքին է եղել: Նա պատմեց, որ երբ փողոցում նստացույց էր անում, մտածում էր՝ իր համագյուղացիները կասեն, թե ինչ գործ ունի այս աղջիկը, դուրս է եկել փողոց. «Ես հպարտ էի դրա համար, քանի որ ես դուրս էի եկել այս գյուղից, այս հաղթող գյուղից ու անում էի դա այս գյուղացու համար: Ապրիլի 3-ին զինվորի կողքին կանգնած էի, մինչև Թալիշ հասանք և շարունակելու եմ գնալ»:
Սոֆյա Հովսեփյանը վստահեցրեց, որ շարունակելու է բարձրացնել այն հարցը, թե ինչու առաջնագծում 50 տոկոսը Շիրակի մարզի երեխաներ են: Այս առիթով պատգամավորի թեկնածուն ասաց. «Գիտենք, որ շիրակցին այն ուժն ու թասիբն ունի, որ կարող է առաջնագիծ պահել: Սակայն իրավունք չունեն նման մոտեցման: Շիրակցին էլ իրավունք ունի լինել բոլորի հետ հավասար»:
Սոֆյա Հովսեփյանն իր համագյուղացիներին վստահեցրեց՝ հաղթելու է անկախ այն բանից կընտրեն իրեն, թե՝ ոչ. «Հաղթելու եմ, քանի որ ես այս գյուղի մարդն եմ, իսկ այս գյուղը հաղթող գյուղ է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ