Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները չեն պատասխանելու կարեւորագույն հարցերին

Մարտ 21,2017 22:00
harcakan

Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ է մնում խորհրդարանական ընտրություններին, եւ մենք կունենանք նոր Ազգային ժողով՝ ընտրված նոր ընտրակարգով, համաձայն նոր Սահմանադրության:

Սակայն մենք չենք ունենա գլխավոր հարցերի պատասխանները՝ անկախ այդ ընտրությունների արդյունքներից: Որտե՞ղ է լինելու դե-ֆակտո իշխանությունը Հայաստանում՝ Ազգային ժողովո՞ւմ, կառավարությունո՞ւմ, թե՞ ՀՀԿ-ում: Եվ հանձինս ո՞ւմ: Իսկ հարցը ոչ թե անձերի հարթությունում է, այլ քաղաքական պատասխանատվության: Այդ թվում՝ հետագա կարեւորագույն որոշումների համար քաղաքական պատասխանատվության:

Իսկ դա նշանակում է, որ ներքաղաքական գործընթացը, որը մեկնարկել է ընտրություններից առաջ, կապ չունի ընտրությունների հետ եւ ընտրություններով չէ, որ ավարտվելու է:

Քաղաքական սուբյեկտների վարքն այս իմաստով տարօրինակ է թվում, քանզի տպավորություն կարող է ստեղծվել, թե ապրիլի 3-ին թե երկրի, թե իրենց կյանքում մի նոր, աներեւակայելի արար կսկսվի: Մինչդեռ ամիսներ առաջ սկսված արարը ընտրական ժամանակացույցի այդ ապրիլյան չնչին սահմանագիծը կարող է պարզապես աննկատորեն հատել եւ շարունակվել իր ներքին տրամաբանությամբ՝ ունենալով բոլորի համար անկանխատեսելի վերջաբան միանգամայն այլ ժամանակահատվածում, որը դրանով իսկ ընտրական ցիկլի ժամանակացույցի հետ որեւէ կերպ չի առնչվում:
Եվ այդ ֆոնին ՀՀԿ-ի քողարկված անհանգստությունը միանգամայն հասկանալի է դառնում, իսկ «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսը ձեռք է բերում որոշակի ֆրեյդիստական երանգներ, այսինքն՝ հուշելով քողարկված վախերը եւ նեւրոզները, որոնք լավ օրից չէ, որ առաջացել են:

Դուք գիտե՞ք՝ ով է գլխավորելու կառավարությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում: ՀՀԿ-ն էլ չգիտի: Չէ՛, գիտի՛, որ կսկսի գլխավորել Կարեն Կարապետյանը: Բայց փաստ չէ, որ կշարունակի եւ դա կտեւի հինգ տարի: Գոնե նույն ինքը՝ Կարեն Կարապետյանն է այդ մասին խոսում «եթե»-ներով: Այդ դեպքում որտե՞ղ, ո՞ր «աշխատասենյակում» է «նստելու» Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը. դարձյա՞լ Բաղրամյան 26-ում, թե՞ Մելիք-Ադամյան 2-ում կամ, ով գիտի, միանգամայն այլ տեղում, որն այսօր կանխատեսելն իմաստ չունի, եւ, ամենակարեւորը, հանձինս ո՞ւմ, ինչի մասին նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, որեւէ որոշակի բան չի հայտնում հանրությանը:

Այս առումով միանգամայն այլ իմաստ է ձեռք բերում «հետընտրական զարգացումներ» ձեւակերպումը, ինչն ավանդաբար ընկալվում է որպես փողոցային բողոք, քաղաքացիական ընդվզում, անհամաձայնություն ընտրությունների դե-յուրե արդյունքների հետ եւ այլն:

Անշուշտ, նման գործոններով կարող են ուղեկցվել այս՝ լայն իմաստով «հետընտրական զարգացումները», որոնք կլինեն որպես ուղեկցող ֆոն, բայց ոչ շարժիչ: Իհարկե, եթե չլինեն ֆորս-մաժորներ, որոնք կցնցեն ողջ հետխորհրդային տարածքը:
Լավ, իսկ եթե հանկարծ այդպես էլ առկա հարցերի հասցեատերերը չեն գալիս ընդհանուր հայտարարի, ֆորս-մաժորներ էլ չեն լինում, հարցը թողնվում է, ասենք, ինքնահոսի, այն հույսով, որ «օրը կգա՝ բարին էլ հետը», հետո ի՞նչ է լինելու:

Սա արդեն այն դեպքն է, երբ «առաջընթացն», ինչպես ասում են, դեռ քարը գլուխը, բայց անվտանգության առումով կանգնում ենք լուրջ մարտահրավերի առաջ, որի հաղթահարումն առաջիկա ընտրություններով պարզապես չի կարող ապահովվել, քանզի այդպիսի «օպցիա» չի պարունակում, քանզի քաղաքական դաշտն այնպես չէ այլանդակված, որպեսզի համարժեք լինի հասարակության եւ պետության իրական օրակարգին:

Ցավոք, քաղաքական դաշտից հասարակությունն առայժմ ստանում է գերազանցապես դեստրուկտիվ, հիստերիկ իմպուլսներ, որոնք միանշանակորեն խանգարելու են քաղաքացիների քաղաքականապես ակտիվ հատվածին դառնալու ներքաղաքական գործընթացի օրակարգ թելադրող սուբյեկտ: Իսկ զանգվածը հույզերի վրա իրենց աճպարարությունը կառուցող քաղաքական կամ ազդեցության խմբերը ոչինչ չեն խնայի, որպեսզի այս ներքին ստատուս-քվոն չփոխվի:

Քաղաքական դաշտի ոչ շատ մեծ, բայց եւ այնպես՝ առողջ հատվածի համար շատ կարեւոր է, մի կողմից, չտրվել այս հուզական մանիպուլյացիաներին միանալու գայթակղությանը: Մյուս կողմից՝ նրանց քաջ հայտնի են երկրի առաջ կանգնած իրական մարտահրավերների աղբյուրը եւ բնույթը, ինչպես նաեւ դրանցից շեղելու շահառուները, նախկին նախագահների օրոք առանց ընդվզելու աշխատած եւ ծառայած, իսկ ներկայումս «ընդվզելու» կոչերով հանդես եկողների դրդապատճառները եւ շրջանակը, այդ մարտահրավերների վրա պարազիտացած՝ ներկայիս դերակատարները:

Հետեւաբար մնում է ընդամենը չմոռանալ, որ կյանքը, այդ թվում՝ քաղաքական, շարունակվելու է նաեւ ընտրություններից հետո, խնայել քաղաքական «փամփուշտները», չտրվել խաբեության կամ ինքնախաբեության գայթակղությանը եւ փորձել ընտրություններից հետո անպատասխան մնացող հարցերն ապահովել համարժեք պատասխաններով: Քաղաքական պատասխանատվության քննությունն այստեղ է լինելու: Նաեւ, ըստ ամենայնի, քաղաքական հաջողության:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

21,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031