«Սյունիքի պոչամբարներ, Կապանի, Քաջարանի, դանդաղ գործող ռումբ են, ցանկացած պահի կարող են նույնքան վտանգավոր լինել, որքան ատոմային ռումբը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ «Մեդիա կենտրոնում» «բնապահպանական խնդիրները եւ առաջարկվող լուծումները քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով քննարկման ժամանակ:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ հանքարդյունաբերությունը մեր երկրում արդեն աղետալի վիճակի է հասցրել շրջակա միջավայրը, մինչդեռ հնարավոր է հանքարդյունաբերությունում գտնել ոսկե միջինը, ինչպես որ աշխարհի փորձն է ցույց տալիս՝ նվազագույն վնաս՝ շրջակա միջավայրին եւ զարգացող հանքարդյունաբերություն:
Պարոն Խաչատրյանը հիշեցրեց, Թեղուտի հանքի շահագործման ծրագիրը, երբ այն ներկայացնում էին որպես, կարելի է ասել, իդեալական ծրագիր՝ հատվող անտառի որպես փոխհատուցում նորից անտառ կտնկվի, աշխատատեղեր կլինեն եւ այլն.«Թեղուտը 2 տարի է՝ ինտեսիվ շահագործվում է, այսօր բնապահպաններն ասում են՝ անտառը կտրվում է, անտառը վերանում է, ծառատունկ չկա, իսկ նրանց, ում աշխատանք են տվել, այսօր խաբված են»:
Քննարկմանը ներկա «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Հարություն Բաբայանն էլ ասաց, որ հանքարդյունաբերությունը մեր սերունդների համար աղետ է: «Հանքարդյունաբերությունում ռոյալթին 80%-ով իջեցնում են, որպեսզի շահեկան պայմաններ լինեն ներդրողների համար, բայց չի վերահսկվում այն 20%-ի ֆորան, թե ներդրողն ինչպես պետք է աշխատի՝ ասենք նոր տեխնոլոգիաներ ձեռք բերի, որպեսզի նվազեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Սա օրենքով սահմանված չէ», -ասաց պարոն Բաբայանը: Նրա խոսքերով՝ կառավարությունն ասում է՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումներ կան. «Սա նման է նրան, որ ապրիլյան պատերազմի օրերին ասացին՝ 80 -ականների զենքերով ենք: Այսինքն՝ ռազմավարություն չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով, եւ հողի, ջրի հետ թունավոր նյութեր են փոխանցվում»:
Կարդացեք նաև
Պարոն Խաչատրյանը նկատեց, որ ոչ մետաղական հանքավայրերն էլ շրջակա միջավայրին վնաս են հասցնում, օրինակ՝ Սեւանի ավազի հանքերի փոշին քամին Երեւան է հասցնում եւ օդը աղտոտվում է:
Ըստ բանախոսների, իրավիճակը շտկելու համար, այս քաղաքական ուժերն առաջարկում են՝ օրենսդրական փոփոխություններ կատարել, թափանցիկություն ապահովել եւ հաշվետվություն ներկայացնել հանրությանը: Ընդ որում, թափանցիկության առումով, նաեւ պետք է հստակ լինի, թե հանքեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերն ովքեր են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ