Aravot.am-ի այն հարցին, թե երբ մառախուղը մեկ ամսից ավելի մուտք էր գործել Արարատյան դաշտավայր` մասնավորապես Երեւան, բնապահպանները մտահոգություն էին հայտնում, որ դրան նպաստողներից մեկն էլ մայրաքաղաքի շուրջ հատված անտառներն են, որոնք սովորաբար պաշտպանիչ դեր են կատարել, նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Դա որոշակի դեր կխաղա, բայց տենց էական դեր չի խաղա: Այստեղ լրիվ այլ գործոններ են դեր խաղում, մենք ունեինք քանի տարի առաջ նման դեպք, 100 տարի առաջ նման դեպք: Բայց այդ անտառը լրիվ այլ ազդեցություն ուներ քաղաքի համար, դրանք մայրաքաղաքի թոքերն էին»:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Ռուբեն Պետրոսյանը ներկայացրեց անտառների վիճակը, ասաց, որ չնայած 90-ականներին զանգվածային անտառահատումներին, Հայաստանում ավելի դրական ցուցանիշներ են, քան` հարեւան Վրաստանում: Հարցին, թե Վրաստանի անտառածածկ տարածքներն ավելի շատ են, պարոն Պետրոսյանն ասաց, որ մեզ մոտ կորցնում ենք 00,1 տոկոս, Վրաստանը կորցնում է 02-03 տոկոս: Ըստ նրա, տարածքներով համեմատելը ճիշտ չէ, քանի որ Վրաստանում անտառային պաշարները կազմում են 450 միլիոն խմ, Հայաստանում` 42 միլիոն խմ. «Ես չեմ ասում, որ վիճակը լավ է, աշխարհով մեկ մենք կորցնում ենք 13 միլիոն հեկտար տարեկան»:
WWF-Armenia կազմակերպության ծրագրի անտառների գծով փորձագետ Սիրանույշ Գալստյանի խոսքերով, հատումներ կան, որոնք մեծ թիվ են կազմում, ինչը վկայում է այն մասին, որ կա հատումների պահանջարկը.
«Այդ թիվը զգալի ավել է, քան այն քանակությունը, որն օրինական հատվում է Հայաստանում: Ամեն տարի հատվում է այդ քանակությունը, բայց օրինական թիվը, թե ինչ է թույլատրվում, շատ փոքր է, այնուամենայնիվ, կա պաշար, կարելի է մի քիչ համապատասխանացնել կամ օրինականացնել այն քանակությունը, որը կայուն ձեւով կարող է մեր անտառներից դուրս գալ»:
Կարդացեք նաև
Դրա համար, ըստ Սիրանույշ Գալստյանի, անհրաժեշտ են անտառներում կատարել գույքագրումներ, որպեսզի պատկերացում ունենան իրավիճակի մասին եւ որոշեն ճիշտ տեղերն ու ճիշտ քանակությունն` որտեղից կարելի է վերցվել այդ փայտը. «Ներկայումս տարերայնորեն վերցվում է որտեղից պատահի: Բայց կարելի է կարգավորել այս ոլորտը»:
Տիկին Գալստյանը կարծում է, որ լուծումներից մեկը արդյունավետ վառարանների ներդրումն է, որոնք խնայող են, մինչդեռ այսօր համայնքներում ավանդական վառարաններ են օգտագործվում, որոնք շատ վառելիք են պահանջում:
Մեր այն հարցին, թե կառավարությունն էլ մտադրություն ունի, այսպես ասած, ապօրինի հատումներն օրինականացնել, որպեսզի գոնե վերահսկողությամբ հատվեն այդ անտառները, քանի որ, միեւնույն է, հատվում են, մտավախություն չկա, որ առիթից կօգտվեն եւ անտառհատումները կավելանան, Սիրանույշ Գալստյանն ասաց, որ խոսքը ապօրինի հատումների օրինականացման մասին չէ, այլ օրինական մատակարարվող վառելափայտի քանակության ավելացման մասին:
Ռուբեն Պետրոսյանն ասաց, որ ներկայումս նախարարություններում հայեցակարգ է պտտվում, որպեսզի անտառների կարգավիճակը ՊՈԱԿ-ից բարձրանա: Ըստ նրա, խոսքը գնում է նրա մասին, որ անտառի խորքերը չեն կարողանում հասնել տեխնիկայի բացակայության պատճառով, որտեղ անտառհատումների անհրաժեշտություն կա եւ մարդիկ ավելի շատ մոտակա տարածքներն են հատում ու վնասներ պատճառում անտառին:
Ռուբեն Պետրոսյանը վստահեցրեց, որ անտառտնկման աշխատանքներ պարբերաբար կատարվում են, պարզապես «Հայանտառ»-ն այդ աշխատանքները շատ չի «ռեկլամում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ