Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կորցնում է թափանցիկությունը՝ անկանխատեսելի գործընկեր դառնալով Եվրոպայի համար. Թոմաս դե Վաալ

Մարտ 21,2017 13:18

Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող, փորձագետ Թոմաս դե Վաալը «Ադրբեջանը կորցնում է թափանցիկությունը» խորագրով հոդված է հրապարակել carnegieeurope.eu կայքում: Փորձագետը, մասնավորապես գրում է, որ մարտի 9-ին Ադրբեջանը հայտնել է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) միջազգային կազմակերպությունից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ երկրին հեռացրել են կազմակերպության աշխատանքներից։ Բաքուն նման հայտարարությամբ հանդես է եկել այն ժամանակ, երբ ավարտվել է երեք խողովակաշարերից բաղկացած ընդլայնված ցանցի հիմքի կառուցումը, որով ադրբեջանական գազը 2020 թվականից սկսած պետք է մատակարարվի եվրոպական երկրներ:

2016թ. մարտին EITI-ն Բոգոտայում կայացած հանդիպմանը փաստել է, որ Ադրբեջանը հեռացվել է կազմակերպությունից, քանի որ երկրում քաղաքացիական հասարակության համար բարենպաստ պայմաններ չկան: «Բայց Ադրբեջանում սխալ հաշվարկ են արել. դեռևս 2015-ին երկիրը զրկվել էր լիարժեք անդամի կարգավիճակից՝ դառնալով թեկնածու, բայց հավանաբար կարծում էին, որ հենց երկիրը հայտնվի հեղինակավոր միջազգային կազմակերպությունում, այլևս ոչ ոք նրան այնտեղից չի վտարի, ինչպես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ու մի քանի այլ պետությունների անդամակցության դեպքում է»,-գրում է Թոմաս Դե Վաալը:

Փորձագետը հիշեցնում է, որ 2017-ի հունվարին Ադրբեջանի անդամակցության հարցն EITI կազմակերպությանը բարձրացրել է քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը, որը ձերբակալվել է 2013թ. նախագահական ընտրություններից առաջ՝ կասկածելի մեղադրանքների հիման վրա: Մամեդովի բաց նամակը, որում նա իրեն անվանել է «Հարավային գազային միջանցքի բանտարկյալ», միջազգային կազմակերպություններին կոչ է արել Ադրբեջանի էներգետիկ նախագծերը ֆինանսավորել՝ հիմնվելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Իլհամ Ալիևը կարծում է, թե ամբողջական քաղաքական վերահսկողությամբ հնարավոր է դիմագրավել աճող սոցիալ-տնտեսական դժգոհությանը, որը դրսևորվում է ազգային արժույթի անկմամբ ու գնաճով։ Փետրվարին Ալիևը հայտարարեց, որ Մեհրիբան Ալիևային նշանակում է երկրի առաջին փոխնախագահ. այս քայլը վերջ է դնում այն պատրանքներին, որ երկրում ընտրված ժողովրդավարություն է, ոչ թե տոհմական դինաստիա:

Այս համատեքստում Բաքվի համար ավելի գրավիչ էր հրապարակավ քննարկումներին վերջ տալը, քան EITI կազմակերպությանն անդամակցելը: Ադրբեջանական կառավարությունը, ըստ ամենայնի, կարծում է, որ նման քայլը որևէ կերպ չի վնասի երկրին: Բայց փորձագետի կարծիքով՝ այս ամենը բացասական կանդրադառնա Բաքվի միջազգային հեղինակության վրա: «Բաքուն գուցե հույս ունի, որ Ադրբեջանը կկարողանա դիմակայել այդ փոթորկին, ու որ միջազգային մթնոլորտը հօգուտ իրեն է փոխվել Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որը նույնպես բիզնեսներ ունի Ադրբեջանում: Թրամփի բոլոր հակասական ուղերձներից մեկը գոնե քիչ թե շատ հստակ էր՝ վճռական աջակցություն մեծ նավթի շահերին, ինչն էլ իր դրսևորումը գտավ նախևառաջ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նավթի ոլորտի մագնատ Ռեքս Թիլերսոնի նշանակմամբ»,- գրում է հեղինակը:

Դե Վաալի կարծիքով՝ այս պարագայում մտահոգիչ դերում է հայտնվել ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը, որի ներկայացուցիչները վստահ են, որ Ադրբեջանը խնդիրները լուծելու փոխարեն խուսափում է դրանցից:

Հոդվածագիրը նշում է, որ Բրյուսելում դեռ բանավիճում են այն թեմայով թե ինչպես է պետք վերաբերել Ադրբեջանին՝ որպես ավտոկրատ երկրի, որը զուտ կոմերցիոն գործընկեր է, թե որպես եվրոպական կազմակերպությունների անդամի: «Ադրբեջանը, հրաժարվելով EITI-ի շրջանակում թափանցիկություն ապահովելու պարտավորություններից, ավելի բարդ ու անկանխատեսելի գործընկեր է դարձել Եվրոպայի համար»,-ամփոփում է փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031