Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմենուհի Կյուրեղյան. «Մեր ընտրողը երբեւէ Դաշնակցությունից չի ստացել ընտրակաշառք, չենք տվել նաեւ նախընտրական խոստումներ». «Հայոց աշխարհ»

Մարտ 21,2017 12:51

Հարցազրույց ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ համարը զբաղեցնող պատգամավորության թեկնածու ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ հետ

-5 տոկոսի շեմը հաղթահարելու շանսերը մե՞ծ են:

-5 տոկո՞ս, մենք ամենաքիչը ձեր ասածի կրկնակին ենք ակնկալում, եթե ոչ ավելին: Եվ դրանում մեր հույսը մեր ժողովրդի գիտակցությունն է:

– Դաշնակցությունը հիմնականում կազմակերպում է դահլիճային հանդիպումներ, որտեղ ավելի շատ հավաքված են ձեր համախոհները, այն էլ՝ ոչ մեծ թվով, սա ձեզ չի՞ մտահոգում:

-Իհարկե ոչ, ես հեռու եմ այն մտքից, որ իշխանական կամ այլ ռեսուրսներ օգտագործելն ու մարդկանց սեփական հավաքին բերելը նշանակում է, թե բոլոր ներկաներն անպայմանորեն քվեարկելու են տվյալ կուսակցության օգտին: Նման բան չկա:

Թե հավաքների ժամանակ որքան ընտրող է կանգնում խոստումներ հնչեցնող այս կամ այն անձի շուրջ, սա դեռ ուղիղ համեմատական չէ նրա ստանալիք ձայներին։ Այնպես որ, բազմամարդ հավաքները ոչինչ չեն նշանակում: Իսկ այդ գործելաոճը կապ չունի մեզ հետ ու մեր որդեգրածից խիստ տարբերվում է:

-Դաշնակցական թեկնածուներդ ընտրողի հետ հանդիպումներում հիմնականում խոսում եք համակարգային փոփոխություններից, ներկայացնում խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, մինչդեռ կան ուժեր, որոնք զբաղված են միայն սոցիալական բնույթի խոստումներ շռայլելով: Ընկալո՞ւմ է ընտրողը Դաշնակցության խոսքը, եթե նկատի ունենանք, որ կաշառք ստանալու ակնկալիքներ ունի: ՀՅԴ-ն տուժո՞ւմ է, թե՞ շահում այս պայքարում:

-Նախ՝ մեր ընտրողը երբեւէ Դաշնակցությունից չի ստացել ընտրակաշառք, չենք տվել նաեւ նախընտրական խոստումներ: Ու այսօր էլ մեր ընտրողը, բնականաբար, չի ակնկալում մեզանից նման խոստումներ: Մենք նաեւ սրանով ենք տարբերվում մյուս կուսակցություններից: Ժողովուրդը մեզ հետ հանդիպումների ժամանակ խոսում է, քննարկում մեր ծրագրային դրույթները: Եվ դա պատահական չէ, որովհետեւ Դաշնակցությունը երբեք որեւէ անձի կամ խմբի ընտրակաշառք՝ գումարի կամ խոստման տեսքով, չի առաջարկել:

ՀՅԴ-ն, բնականաբար, չի տուժում, հակառակը՝ մենք շահող կողմ ենք, որովհետեւ ընտրողի հետ հանդիպելիս ի սկզբանե ասում ենք՝ գնում ենք խորհրդարան աշխատելու, եւ ձեր քվեն ակնկալում ենք կյանքը լավացնելու համար: Ոչ թե գումար բաժանենք ու 5 տարի շարունակ ոչինչ չանենք խորհրդարանում:

Եվ հետո, մի մտածեք, թե ժողովուրդը չի ընկալում այս ամենը: Ես համամիտ չեմ այն մտքին, թե ընտրության կգնան իրենց գումար առաջարկողին ձայնը տալու համար: Ժողովուրդն ամեն ինչ շատ լավ է հասկանում ու գիտի, թե որ ուժից ինչ ակնկալի: Ժողովրդի մտածողությունն արդար է, ի վերջո, կա հանրային հիշողություն, ու ընտրողը չի կարող հիշել գեթ մեկ դեպք, երբ Դաշնակցությունը ընտրակաշառքով ձայն խնդրած լինի: Եվ սա ընտրողների շրջանում առավել բարձրացնում է Դաշնակցության հեղինակությունը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031