ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Զոլոտայա կորոնա» վճարման համակարգերի տարածաշրջանային մենեջեր Անտոն Սմապինին և տրանսպորտային ու սոցիալական քարտերի տնօրեն Ալեքսանդր Գրիշինին։
«Զոլոտայա կորոնա»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին ընկերության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները, մասնավորապես, տրասնպորտային միջոցներից օգտվելու միասնական էլեկտրոնային քարտի՝ «էլեկտրոնային մշտական» համակարգը։
Բացի այն, որ մեկ քարտի միջոցով կարելի է վճարել տրասնպորտային բոլոր միջոցների ուղետոմսի համար, ավտոմատացված այդ համակարգը հնարավորություն է տալիս նաև ղեկավարելու ուղևորների շարժը, օգնում է ուղևորահոսքի վիճակագրական հետազոտություն իրականացնել և ըստ այդմ կանոնակարգել ուղերթերի քանակը։
Դիտարկելով Հայաստանում համակարգը կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկեց մշակել համագործակցության սխեմա, որից հետո քննարկել այն ներդնելու առաջարկը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն