Մարտի 19-ին Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որից հետո տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից։
Այնուհետև, դրան հաջորդեց միջոցառում Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում: Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը:
ՀՀ գլխավոր հյուպատոսը, մասնավորապես, ընդգծեց, որ 29 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերը և զանգվածային սպանությունները, չարժանանալով միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի որպես մարդկության դեմ գործած ծանր հանցանքի, հետագա տարիներին Ադրբեջանի կողմից նույն գործելակերպով կրկնվեցին Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ վայրերում: Ներկայացվեցին նաև Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի և սպանությունների մասին ճշմարիտ տեղեկություններ և ադրբեջանական քարոզչության կողմից դրանք կեղծիքների հիման վրա ներկայացնելու փաստեր:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր սումգայիթյան եղեռնագործության և Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի մասին:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ