Նովրուզի տոնի կապակցությամբ ԱՄՆ-ի Հելսինկյան կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայությունը, որոնք ստանձնել է ԵԱՀԿ-ի շրջանակում:
Հելսինկյան կոմիտեի նախագահ սենատոր Ռոջեր Ուիքերը մտահոգիչ է համարում այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հարյուր մարդկանց համաներման արդյունքում ազատ է արձակել շատ քիչ թվով քաղբանտարկյալների:
«ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են հարգել խոսքի ազատությունը, այդ թվում ՝ տեղեկատվության ու տեսակետների փոխանակման ազատությունը` առանց իշխանությունների միջամտության: Ադրբեջանի կառավարությունը պետք է հետևողական լինի ստանձնած հանձնառությանը` ազատ արձակելով ընդդիմադիր գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և կրոնական առաջնորդներին, ովքեր ներկայում բանտում են իրենց իրավունքների խաղաղ իրացնելու համար»:
Ուիքերի խոսքով՝ ասվածը վերաբերում է նաև նախագահի նախկին թեկնածու Իլգար Մամեդովին, որն արդեն հինգ տարի է գտնվում է բանտում՝ քաղաքական հետապնդումների պատճառով:
Կարդացեք նաև
«Նախագահ Ալիևի համաներումներից հետո մարդու իրավունքների տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ և քաղբանտարկյալներ տանջվում են բանտերում և ենթարկվում վատ վերաբերմունքի: Կոչ եմ անում Ալիևին իր երկրում հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- նշել է Հելսինկյան կոմիտեի համանախագահ Քրիս Սմիթը:
Կոմիտեն նաև հիշեցնում է, որ 2016թ. ադրբեջանական կառավարությունը համաներում է շնորհել 148 մարդու, այս տարի՝ ավելի քան 400 բանտարկյալի, որոնց թվում ընդամենը 4 քաղբանտարկյալ կա: