Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե չէ կգնամ էս երկրից»

Մարտ 21,2017 10:20

Ինչպես արդեն գրել էի, ես չեմ պատրաստվում ձայն տալ ՀՀԿ-ին եւ կարծում եմ, որ քննադատության մեծ մասը, որն այսօր հնչում է այդ կուսակցության հասցեին, արդարացի է: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ ցանկացած ՀՀԿ-ականի ամեն մի ասածը սխալ է, իսկ նրանց ընդդիմախոսների ամեն բառ ճիշտ է:

Ուզում եմ խոսել մի շատ սկզբունքային ու ցավալի հարցի մասին՝ արտագաղթի: Դիլիջանում հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքացին վարչապետից ինչ-որ բան պահանջեց, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում խոստացավ արտագաղթել: Վարչապետի պատասխանն, իմ կարծիքով, միանգամայն ադեկվատ էր՝ «հարցդ կոռեկտ ձեւակերպիր եւ մի սպառնա երկրից գնալով»:

Ընդհանրապես, որեւէ խնդիր քննարկելիս մենք պետք է խուսափենք շանտաժի լեզվից, նաեւ այն պատճառով, որ դա քո շանտաժի թիրախին կարող է, ի վերջո, զայրացնել եւ դրդել հենց այն քայլերին, որոնց վերաբերյալ դու սպառնում ես «պատժամիջոցներ» կիրառել: Օրինակ՝ երբ ինձ սպառնում են՝ «եթե այսպես գրես կամ այնպես մտածես, ես կասեմ, որ դու իշխանության կողմից ես», ես, եթե ավելի երիտասարդ եւ անփորձ լինեի, «կուղարկեի» շանտաժիստին համապատասխան տեղը եւ կկոշտացնեի իմ ձեւակերպումները: Բայց քանի որ 25 տարում դա լսել եմ մի քանի հարյուր անգամ, հատկապես սուր՝ «նախընտրական» պահերին, ես միայն մի բան եմ կրկնում՝ «դա էլ կանցնի»: (Համացանցի դարում առավել զավեշտական է, երբ որեւէ «ֆեյք», որը «դուխ չունի» իր անուն-ազգանունով ներկայանալու, հոդվածի հեղինակին կամ խմբագրությանը սպառնում է ինչ-որ դեղին կամ կարմիր քարտերով):

Հիմա՝ բուն արտագաղթի մասին: Ինձ հետ զրույցներում նույնպես այդ սպառնալիքը բազմիցս հնչեցվել է: Ինչի համար են դա ի՛նձ ասում: Որպեսզի ես ասեմ՝ «հա, ցավդ տանեմ, ճիշտ ես անում, մեկ ա, էս երկիրը երբեք չի դզվելու, սրանց սաղին վառել ա պետք»: Եթե ես հակառակն ասեմ՝ «վայ, մի գնա, խնդրում եմ, լավ կլինի», իմ զրուցակիցն ավելի կոգեւորվի եւ կխորանա «վառելու» թեմայի մեջ: Դրա համար էլ ես ասում եմ՝ «ձեր ընտրությունն է», քանի որ իսկապես այդպես եմ կարծում: Այդ պատասխանին հետեւում է «բայց ախր ես հայրենասեր տղա եմ» ոչ այնքան համոզիչ, «իներցիոն» վերջնամասը, եւ խոսակցությունն այդքանով ավարտվում է:

Երբ արտագաղթելու սպառնալիքը հնչեցնում են պաշտոնյայի (տվյալ դեպքում՝ վարչապետի) ականջի համար, ապա ակնկալվում է, որ պաշտոնյայի արձագանքը կլինի հետեւյալը. «վայ, չգնաս, ես քեզ կտամ՝ ինչ ուզում ես»: Հենց այդպես էլ վարվում են ընտրություններին մասնակցող մի շարք այլ թեկնածուներ: Բայց արտագաղթի սպառնալիքին ադեկվատ չարձագանքելը այլասերում է մարդկանց, դարձնում է նրանց ուզվոր, մուրացկան, հրաշագործ «թագավորին» սպասող:

Բայց մենք էլ՝ «խոսքի իրավունք ունեցողներս», երբեմն հասարակությանը սխալ ենք կողմնորոշում: Մի հաղորդաշար կա, որի հաղորդավարը իր հյուրերին մշտապես հարցնում է՝ ի՞նչն է ձեզ պահում Հայաստանում: Ինքնին, հոգեբանական տեսանկյունից, հարցադրումը սխալ է: Մոտավորապես՝ «ի՞նչն է ձեզ կապում ձեր մոր հետ, չէ՞ որ կան ավելի լավ կանայք»:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հոգեբանական տեսանկյունից, հարցադրում՝
    -ի՞նչն է ձեզ պահում ձեր ծննդավայրում:
    -ինչու՞ եք լքում ձեր ծննդավայրը:
    Ո՞րն է տարբերությունը՝ «Մայր Հայաստան»-ի ու «Родина Мать»-ի:
    ՀՀ՝ իրավաբանական անձ, կոոպերատիվ ձեռնարկություն, փակ բաժնետիրական ընկերություն:

  2. Քրիստափոր says:

    Լավ օրից չեն արտագաղթում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031