Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի դանակահարված պետի վիճակը կայուն ծանր է

Մարտ 20,2017 23:02

Արագածոտնի մարզի  Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանի վիճակն այս պահին կայուն ծանր է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուրի Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ 1in.am-ի տեղեկությունների` երեկ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին: Պարզաբանումը վերածվել է դանակահարության, ինչի հետեւանքով Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են նրա փայծաղը, վերջինիս վիճակը ծանր է: Ըստ նույն լրատվամիջոցի, բացի Ասատրյանից, դանակահարել են ընկերոջը՝ Մանուկ Հովսեփյանին, վերջինիս էլ ազդրն է վնասվել:

«Աստղիկ» բ/կ-ի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ Արամ Ասատրյանի որեւէ օրգան չի հեռացվել, նրան հիվանդանոց են տեղափոխել կտրող, ծակող վնասվածքներով. «Երիկամների հետ խնդիր կա, փայծաղը չի հեռացվել: Այժմ արհեստական շնչառության տակ է, ավելի շատ գրգռված վիճակ է մոտը, դրա համար ենք քնեցրած պահում, որպեսզի շոկային վիճակներ  չլինեն ու նա մի քիչ հանգստանա: Հուսով եմ կյանքին վտանգ չի սպառնում»

Արամ Ասատրյանին «Աստղիկ» բ/կ-են տեղափոխել Ապարանի հիվանդանոցից, որտեղ որովայնահատում է կատարվել: Արամ Ասատրյանին հսկող բժիշկներից ասացին, որ կտրող-ծակող վնասվածքը մեջքի հատվածից է եղել, Ասատրյանը հիմա բժիշկների խիստ  հսկողության  տակ է:

Հիվանդանոցում էին Արամ Ասատրյանի ազգականներն ու ծանոթները, որոնք հրաժարվեցին մեզ հետ զրուցել: Տուժողի ազգականներն ագրեսիվ էին տրամադրված: Երբ մենք փորձեցինք դեպքից մանրամասներ ճշտել, հարազատները սկսեցին տեղի ունեցածի համար մեղադրել լրատվամիջոցներին, իբր թե սուտ տեղեկություններ են տարածում:

Արամ Ասատրյանի կինն ասաց, որ տեղեկություններ չունի դեպքի մասին, իսկ եղբայրն էլ՝ մեր հարցին՝ արդյոք Արամ Ասատրյանին ՀՀԿ շտաբի անդամներն են ծեծել ու դանակահարել, ագրեսիվ պատասխանեց, թե տեղյակ չէ, հետո էլ ավելի ագրեսիվ ասաց.«Ի՞նչ ՀՀԿ, ԲՀԿ, ի՞նչ ընտրություններ, շտաբի հետ մի կապեք, ընտրությունների հետ մի կապեք: Գնացեք ստուց, ի՞նչ եք եկել, սաղ լրագրողները  սուտ բաներ են գրում»:

Հիվանդանոցում հավաքված հարազատներն անընդհատ պնդում էին՝ «Արամը, կիրթ, խելացի, բարձրագույն ավարտած տղա է: Բոլորս էլ զարմացած ենք, շոկի մեջ ենք էս դեպքից»:

Արդյոք նախկինում հանրապետականների հետ ընդհարում ունեցե՞լ է Արամ Ասատրյանը, մեր այս եւ այլ հարցերի հարազատները հրաժարվեցին պատասխանել:

Նշենք, որ Արամ Ասատրյանը 32 տարեկան է, ամուսնացած է եւ ունի երկու անչափահաս երեխա:

Քուչակի գյուղապետն էլ միջադեպի առնչությամբ Aravot.am-ի զրույցում ասել է, որ տեղեկություն չունի միջադեպի մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031