Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը զարմացավ, որ 35-45 տարեկան կանանց աշխատանքի չեն վերցնում (Տեսանյութ)

Մարտ 20,2017 22:55

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տանն այսօր ՀՀԿ-ն հանդիպեց ընտրողների հետ: Վարչապետ Կարեն Կարապետյանը թվարկեց, թե այս վեց ամիսների ընթացքում ինչ առաջընթաց ենք ունեցել: Ասաց, որ արդյունաբերությունը երկնիշ է աճել, ՏՏ ոլորտում 147 տոկոս աճ ենք գրանցել, տնտեսությունը 6,5 տոկոսով է աճել, հարկային-մաքսային ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նկատելի նվազել են:

«Այնպես որ մեզ շատ չեք կարա մեղադրել, թե ինչ ասում եք, չեք անում»,-դիմելով հավաքվածներին ասաց պարոն Կարապետյանը:
Ե՞րբ կզգա տնտեսության աճն իր վրա հասարակ քաղաքացին, վարչապետից հետաքրքրվեց դահլիճում ներկաներից մեկը: Վարչապետն ասաց, որ տնտեսության մեջ որոշակի քայլեր պիտի արվեն՝ ներդրումներ եւ այն, որն էլ կբերի ցուցանիշների բարելավմանը: Ավելի ըմբռնելի լինելու համար վարչապետն այսպես բացատրեց. «Հողն այնքան չոր է, որ պետք է ջրես, ջրես, որ կակղի, որ սերմը գցես բերք տա»:
Նա նաեւ ասաց, որ 2017-ին կվերանայեն աշխատավարձերի եւ թոշակների դրույքաչափերը:

Մի կին վարչապետին դժգոհեց, որ 35-45 տարեկան կանանց աշխատանքի չեն վերցնում գործատուները: Վարչապետը զարմացած հարցրեց, այսինքն՝ ո՞նց օրենքը թույլ չի տալի՞ս: Ասաց, որ առաջին անգամ է լսում, որ այդ տարիքի կանանց համար սահմանափակում կա: Ըստ վարչապետի, եթե այդ սահմանափակումը պետական համակարգում է, ապա դա արհեստական է. «Ես գտնում եմ, որ պետական համակարգը նոր կադրերով համալրելու անհրաժեշտություն կա»:
Ապա ասաց, որ «չինովնիկների աշխարհում լիքը փոփոխելու բան ունենք»: Ըստ նրա, չինովնիկները հասարակության համար վտանգ են ներկայացնում, եթե արդյունավետ չեն աշխատում:

Մեկ այլ քաղաքացի Կարեն Կարապետյանից երաշխիքներ ուզեց, թե մոտակա հինգ տարիներին ինչ աշխատատեղեր է բացելու, որ արտագաղթած իր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ոչ Լամպերի գործարանն է աշխատելու, ոչ՝ Նաիրիտը, ոչ՝ Հայէլեկտրոն, ուստի այլ ոլորտներում ՀՀԿ-ն ինչ աշխատատեղեր է բացելու:

«Դուք շատ ճիշտ եք, մեր ամբողջ տնտեսական զարգացման ծրագիրն ուղղված է աշխատատեղ ստեղծելուն»,-ասաց վարչապետը:
ՀՀԿ քարոզարշավի բացումն այս համայնքում արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը: Նա ասաց, որ շատ է ափսոսում, որ Կարեն Կարապետյանը շուտ չի եկել Հայաստան, ինչը նրան թույլ կտար գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031