Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց էժան փողը հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն». Կարեն Կարապետյան

Մարտ 20,2017 21:15

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան  համայնքում, որից հետո միայն այն  ներկայացնեն  կառավարությանը: «Համայնքի խնդիրները կանոնակարգված լուծվելու են այն  դեպքում, երբ ձեր համայնքապետը ձեզ հետ խորհդակցելով հասկանա, թե համայնքի լավ օրն ինչպես է կառուցվելու: Մենք պետք է լինենք ռացիոնալ, հաշվի առնելով բոլոր խնդիրները՝ գործազրկություն, ջուր, ճանապարհ, գազ և այլն: «Պետք է  նշենք, թե հնգամյա ծրագրով ինչի ենք ցանկանում է հասնել, օրինակ՝ համայնքի սեփական եկամուտը սա պետք է լինի,  ճանապարհի վիճակը սա, կառավարությունից ակնկալիքը սա և այլն: Հենց մենք կարողացանք թվայնացնել, հասկանալ, թե ինչ խնդիր ունենք, քիչ -քիչ գնալու ենք դրա լուծմանը: Կառավարությունն էլ կանգնելու նրա կողքին, ով բեռ է վերցնում: Մինչև մենք համայնքների կառավարման մակադակը չբարձրացնենք ու դուք չմասնակցեք դրան, բան չի փոխվելու: Կառավարության ամբողջ  ծրագիրն ուղղված է աշխատատեղի ստեղծմանը, բայց ձեր համայնքի հետ կապված դուք պետք է ներկայացնեք գաղափար»,- ասել է գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ նպատակն է հստակ ծրագրերով գնալ տարբեր ոլորտների և տարածքների համաչափ զարգացմանը:

«Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,-  ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: «Սահմանվելու են առաջանահերթությունները և բոլոր համայնքներին հստակ ասելու ենք՝ ձեր ճանապարհն այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու: Կարող է ձեր դուրը չգալ, որ ձեր ճանապարհը այսինչ ժամանակահատվածում է վերանորոգվելու, բայց այս պահին մեր գրպանի գումարը սա է: Սակայն տնտեսության զարգացման այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, ենթադրում է և ես վստահ եմ, որ մեր գրպանի գումարն ամեն օր աճելու է»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք եկամուտների հավաքագրման մեծ աճ:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարևորել է   կոոպերցիայի զարգացումը և հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով  գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով  հանրապետությունով  հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաև տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները  շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն ևս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031