ՀՅԴ ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված բնապահպանության նախարար, պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանն այսօր Էջմիածնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ մարզում ՀՅԴ-ն առաջադրել է 15 թեկնածու, որոնք իրենց կենսագրությամբ ու անցած ուղիով կարող են խորհրդարանում լինել ժողովրդի պատգամավոր:
Ըստ նրա, այս Ազգային ժողովը լինելու է Հայաստանի զարգացման, արդար Հայաստանի կերտման հիմնադիր խորհրդարանը. «Այս ընտրությունները մեր երկրի, պետականության, Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի համար լինելու են կարևոր նշանակության ընտրություններ: Ինչպիսի խորհրդարան կձևավորենք, այնպիսին էլ կլինի մեր առաջիկա հինգ տարվա կյանքը: Եթե մենք ուզում ենք ձևավորել բարեկեցիկ երկիր, անվտանգություն երաշխավորող, տնտեսական ու սոցիալական աճ ունեցող երկիր, ուրեմն մենք պետք է պատասխանատվությամբ ապրիլի 2-ին գնանք տեղամաս և քվեարկենք համար 9 բյուլետենի օգտին: 9-րդ բյուլետեն՝ Հայ Հեղափոխական դաշնակցության թերթիկն է: Այստեղ դուք կգտնեք մեր թեկնածուներին: Ձեր նախընտրած թեկնածուին կարող եք տալ ձեր ձայնը, ինչը նշանակում է խորհրդարան գործուղել առաջիկա Ազգային ժողովի ամբողջ հինգ տարվա աշխատանքների ամենապատասխանատու անձին»:
Պարոն Մինասյանի խոսքով, թեև անընդհատ խոսում են տնտեսական աճի մասին, բայց այդ աճը մեր քաղաքացիների 99 տոկոսը չի զգում իր վրա, որովհետև այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով. « Այդպիսի աճը վերափոխելու համար անհրաժեշտ է՝ հաշվի առնվի երեք հիմնական մոտեցում՝ սոցիալական, էկոլոգիական և տնտեսական: Այս բոլոր գործոնների հաշվառմամբ է, որ մենք կարող ենք որակյալ տնտեսական աճ ունենալ: Ուրեմն մեր ծրագրային դրույթի առաջին պահանջը, պայմանն է` ստեղծել կայուն զարգացման իրական հիմք, որպեսզի յուրաքանչյուր աշխատող անձ կամ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ վստահ լինի, որ այդ կայուն զարգացման համատեքստում կունենա հասանելի ֆինանսներ, կարող է արտադրություն կազմակերպել, կարող է իրացնել դրանք, և հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ ստանան իրենց հասանելիք արդար վարձն այդ եկամուտից…երկրորդ կարևոր հենասյունն արդար Հայաստանի ձևավորումն է, անհրաժեշտ է հիմնովին վերափոխել մեր մոտեցումները, պետական կառավարման համակարգը… երրորդ կարևոր հենասյունը, որ մենք դրել ենք, անվտանգ Հայաստանի կերտումն է՝ այնպիսի անվտանգ Հայաստանի, որը կապահովի մեր պաշտպանությունը թե՛ արտաքին թշնամիներից, թե՛ ներքին կյանքում քաղաքացիների առօրյա գործունեության ընթացքում անվտանգ, երաշխավորված, ապահով երկիր կառուցելը: Այս երեք հենասյուները մեզնից յուրաքանչյուրից պահանջում ու պարտադրում են ապրիլի 2-ի ընտրություններին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Ես ձեզ խնդրում եմ՝ Դաշնակցության ու նրա թեկնածուների քարոզը տարեք տուն առ տուն, անձ առ անձ, ներկայացրեք ծրագրերը, մեր թեկնածուների առավելությունները»:
Դաշնակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ