Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի գյուղապետ Հովիկ Ամիրյանն, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի այսօր համայնքում տեղի ունեցած դանակահարությունից: Տեղեկացնենք, որ Արագածոտնի մարզի Քուչակի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին դուրս են հրավիրել շտաբից`զրուցելու: Զրույցն ավարտվել է դանակահարությամբ:
-Պարոն Ամիրյան, Քուչակում արյունալի միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ականների մասնակցությամբ:
-Մեր գյուղում տեղի չի ունեցել:
– «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արամ Ասատրյանին են դանակահարել :
Կարդացեք նաև
-Տեղյակ չեմ:
-Դուք Քուչակի գյուղապե՞տն եք:
-Այո:
-Ձեր գյուղում արյունալի միջադեպ է տեղի ունեցել, տեղյակ չե՞ք:
-Գյուղում չի եղել: -Շտաբը գյուղում է, միջադեպը գյուղից դուրս է եղել:
-Այսինքն` պնդում եք, որ սա ընտրական գործընթացների հետ կապ չունի՞:
-Ոչ մի ինֆորմացիա չունեմ, որ պնդեմ կամ չպնդեմ:
-Անգամ, եթե Ձեր գյուղից մի քիչ այն կողմ է տեղի ունեցել, Դուք համայնքի ղեկավար եք, Արամ Ասատրյանը`համագյուղացի, հետաքրքիր չի՞:
-Ես ոստիկան չեմ, գյուղապետ եմ:
-Արամ Ասատրյանին ճանաչո՞ւմ եք: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինքն ինչպե՞ս է, փայծաղն են հեռացրել:
– Հետաքրքրում ա, զանգել իմացել եմ ոնց ա ինքը:
-Այսինքն` միջադեպից լավ էլ տեղյակ եք:
-Որ խփել են տեղյակ եմ, բայց ինչ հողի վրա ա եղել`տեղյակ չեմ: Վիճակը վատ ա, կտրուկ վատացել ա, տեղափոխել են Երևան:
-Ինչո՞ւ է տեղի ունեցել միջադեպը:
-Չեմ կարող ասել, մինչև չճշտեմ`չեմ կարող ասել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող: Արագածոտնի մարզի ՀՀԿ-ի պատասխանատու, նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն էլ հեռախոսազանգերի չի պատասխանում: