Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Արցախի հարցը քաղաքական ուժերի և ոչ մի ծրագրում հանգամանալից կերպով ներկայացված չէ

Մարտ 20,2017 16:48

«Գոյություն չունի մի նոր և ինքնուրույն ձևով մշակված ծրագիր, որը կանդրադառնա արցախյան հիմնախնդրի դրույթներին,- մարտի 20-ին «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա համոզմամբ՝ նախընտրական քարոզարշավի ծրագրերում չի նշվում այն մասին, որ դիվանագիտական, քաղաքական և պետական միտքը պետք է արմատական փոփոխության ենթարկվի․ «Ապշելու բան է, բայց չկա որևէ անդրադարձ այն մասին, թե որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ և ո՞ւմ հետ պետք է աշխատի Հայաստանը այս նահանջողական իրավիճակից դուրս գալու համար»:

Ալավերդյանի ձեւակերպմամբ, այսօր խորհրդարանական ընտրություններին առաջադրված 9 կուսակցությունները կարելի է բաժանել երկու մասի․ մի մասի պնդմամբ՝ դրության կարգավորման միակ ելքը տարածքներ հանձնելն է, իսկ մյուս մասը իր ծրագրերի ենթատեքստում է ակնառու դարձնում տարածքներ հանձնելու իր տեսակետը: «Թվում է՝ չեն գիտակցում, որ տարածքների մի մասը տալը հավասարազոր է ամբողջին, ինչպես ընդունված է մաթեմատիկական տեսության մեջ»,- վստահեցնում է հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։

Նա համոզված է, որ գործող իշխանությունների համար շատ դյուրին է ԱԺ-ում ունենալ մի քաղաքական ուժ, որն անընդհատ կխոսի տարածքները հանձնելու մասին․ «Նպատակային առումով տարածքները հանձնելու թեզը գործող իշխանություններին բավականին ձեռնտու է»:

Բանախոսը նախընտրական քարոզարշավի ծրագրերում նոր բան չի տեսնում․ նրա համոզմամբ՝ կոմունիստների լռությունը հավասարազոր է արցախյան հարցում գործող իշխանությունների դիրքորոշմանը, ՀԱԿ-ի քարոզչությունը, ըստ երևույթին, դեպի ապագան ուղղված թեզերի փոխարեն դեռ 90-ականներից իրենց գործունեության իրավացիությունն ապացուցելու փորձ է:

Այս առումով Լարիսա Ալավերդյանը ողջունում է Ազատ դեմոկրատների ծրագրի այն կետերը, որոնք վերաբերում են հենց դիվանագիտական աշխատանքին, բայց, քանի որ քաղաքական այս միավորման մեջ տարբեր կարծիքներ ու գաղափարախոսություն կրողներ կան, միասնական կարծիք չի հնչում․ «Ապոկալիպտիկ սցենարների կողմնակից չեմ։ Հաղթելու ենք, բայց շատ ծանր գնով։ Քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ժողովուրդը ծանրագույն կորուստներով հայտնելու է իր դիրքորոշումը, և այդտեղ քաղաքական ուժերի դերը զրոյական է»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը:

Նրա խոսքով, Արցախի հարցը քաղաքական ուժերի և ոչ մի ծրագրում հանգամանալից կերպով ներկայացված չէ, և մինչև անգամ հնչեցված չէ այն միտքը, որ արցախյան հարցի լուծման հիմքում դրված փաթեթը ամբողջապես իրեն սպառել է և ապացուցել իր անարդյունավետությունը․ «Հնարավոր է՝ Ադրբեջանն իր գործողություններով հասունացնի քաղաքական ուղղության փոփոխությունն ու նոր ուղղության մշակումը։ Իսկ ներկայիս դրությամբ՝ քաղաքական ուժերն ուղղակի խոստանում են բանակցել ավելի լավ, քան նախորդները, և ապացուցել, որ ներսում եղած բոլոր թերությունները կապված են արցախյան հարցի հետ»:

Շողիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031