Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր հաշվով արցախցու համար ճանաչման հարցը երկրորդական, երրորդական է». Հրաչյա Արզումանյան

Մարտ 20,2017 16:38

Ստեփանակերտում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի  ընթացքում արտասահմանցի լրագրողներից շատերը հարցեր հնչեցրին Արցախի միջազգային ճանաչման մասին: Պատասխանելով նրանց հարցերին`արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը հայտարարեց. «Խոշոր հաշվով արցախցու համար ճանաչման հարցը երկրորդական, երրորդական է: Ամենակարևորը ռազմական անվտանգության հարցն է»:

Բլոգերները կարևորեցին այն, որ պետք է ավելի շատ գրվի Արցախի մասին: Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն օրինակ բերեց այն, որ Ադրբեջանում կարծում են, թե Արցախում մարդիկ սովից մեռնում են, այնուհետև համեմատության համար նշեց. «Դուք էլ կարող եք տեսնել, որ Ստեփանակերտն ավելի մաքուր է, քան Երևանը: Իհարկե, կարծիքները կարևոր են, բայց փաստերն ավելի արժեքավոր են»:

Հրաչյա Արզումանյանը կրկին արձագանքեց. «Ճանաչումը երկու մասից է. դե յուրե և դե ֆակտո: Դե ֆակտո Արցախը ճանաչվում է: Դե յուրե ճանաչման հարցում է խնդիրը: Դե ֆակտո ճանաչումը բավական է, որ մենք ունենանք արտաքին աշխարհի հետ հարաբերություններ, բայց դե ֆակտո ճանաչումն այդ շրջանակն ավելի կընդլայնի: Օրինակ` Քուրդիստանը, որ մասնակի ճանաչված երկիր է, այնտեղ է ժամանում ԱՄՆ պետքարտուղարը և այլք: Այժմ սև ու սպիտակի ժամանակներն անցել են, մոխրագույն զոնաների ժամանակն է»:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, որը հայտարարեց, թե մասնակցում է ոչ թե որպես պաշտոնատար անձ, այլ փորձագետ, կարծիք հայտնեց, թե ճանաչումն այնքան էլ կապ չունի անվտանգության հետ: Նա բերեց Իսրայելի օրինակը. «Օրինակ` Իսրայելը, որը ճանաչված է, դեռ չի նշանակում, որ նրա բնակչությունն ավելի անվտանգ է: Հիմնական տեսակետն այն է, որ ճանաչումն այդքան կապ չունի անվտանգության հետ: Արցախի պաշտպանական համակարգն է արցախցու անվտանգության երաշխավորը: Ճանաչումը պետք է Արցախին հաղորդակցության համար: Անշուշտ, միջազգային ճանաչումը կբարձրացնի մեր անվտանգության մակարդակը»:

Նշենք, որ Ստեփանակերտում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ընթացքում այսօր աշխատանքային փուլում քննարկվեց նաև համատեղ հայտարարության տեքստը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գեւորգ ՄԵԼԻՔՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031