Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջընթաց է գրանցել թրաֆիքինգի դեմ պայքարում. Եվրոպայի խորհուրդ

Մարտ 20,2017 16:33

Հայաստանն առաջընթաց է գրանցել մարդկանց շահագործման դեմ պայքարում: Այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) զեկույցում, որը հրապարակվել է մարտի 20-ին: Այնուամենայնիվ, շատ բան պետք է արվի երեխաների թրաֆիքինգը, աշխատանքային նպատակով մարդկանց շահագործումները կանխելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և աջակցելու համար: Զեկույցի հետ հրապարակվել է նաև ՀՀ կառավարության մեկնաբանությունը:

GRETA-ի նոր զեկույցը ընդգրկում է 2012 թվականից մինչև 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը: Հայաստանը նախկինի պես շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի ծագման երկիր: Վերոնշյալ ժամանակահատվածում հայտնաբերվել է շուրջ 70 զոհ, որոնց մեծ մասը կանայք են (32) , 30-ը՝ տղամարդիկ, 17-ը՝ երեխաներ: Զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք աշխատանքային շահագործման են ենթարկվել արտասահմանում, հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Ռուսաստանում: 2014թ. բացահայտվել է դեպք, երբ Չինաստանի 4 քաղաքացիներ առևտրի առարկա են դարձել Հայաստանում:

Միևնույն ժամանակ GRETA-ի փորձագետները ողջունում են մարդկանց առևտրի դեմ պայքարի մասին նոր օրենսդրությունը: GRETA-ն նաև բարձր է գնահատել զոհերին հայտնաբերելու համար նոր կառույցների ստեղծումը՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ:

Փորձագիտական խումբը միևնույն ժամանակ Հայաստանի իշխանություններին կոչ է անում առավել արդյունավետ կանխել մարդկանց առևտուրը՝ աշխատանքային ուժը շահագործելու նպատակով, այդ թվում՝ աշխատանքի ընդունման գործակալությունների հանդեպ մոնիթորինգը բարելավելու, լիցենզային ընթացակարգեր սահմանելու, համացանցում աշխատանքի կեղծ հայտարարությունները կանխելու միջոցով: Իշխանությունները պետք է բարելավեն նաև խոցելի իրավիճակներում հայտնված երեխաներին ցուցաբերվող աջակցությունը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գյուղական վայրերում երեխաների աշխատուժի շահագործման դեպքերին, ինչպես նաև եզդի աղջիկներին, որոնց սպառնում է սեռական ոտնձգությունների և թրաֆիքինգի վտանգ՝ վաղ տարիքում ամուսնության պատճառով:

Զեկույցում նշվում է, որ թրաֆիքինգի զոհերի համար պետք է երաշխավորվի անվտանգ կեցություն, ժամանակակից բժշկական օգնություն:

GRETA-ն ՀՀ իշխանություններին նաև կոչ է անում ապահովել, որպեսզի Հայաստանում իրավաբանական անձինք պատասխանատվության ենթարկվեն՝ մարդկանց առևտրի հետ կապված հանցագործությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031