Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը իշխանության մասին. «18 տարի զբաղվել են միայն մեր ազգը կեղեքելով, թուլացնելով»

Մարտ 20,2017 16:14

Մարտի 20-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում կայացավ ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական դաշինքի ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ-ից Տավուշի մարզի տարածքային թեկնածուներ Գուրգեն Ասատրյանի, Արթուր Աթաբեկյանի եւ այլոց հանդիպումը Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ:

Նոյեմբերյանի բնակիչ, տարածքային թեկնածու Գուրգեն Ասատրյանն ասաց, որ իշխանությունները ուրիշ նպատակ չունեն, բացի վերարտադրվելուց, որպեսզի շարունակեն թալանել:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նոյեմբերյանցիները լավ գիտեն պատերազմի վտանգների մասին: Երեւանում պատրանքի մեջ են, կարծես պատերազմ չկա, սակայն երկիրը գտնվում է չդադարող պատերազմի մեջ: Նա ասաց, որ ամեն ընտրություն ունենում է իր օրակարգը, 2008-ին ընտրություն էր կոռուպցիայի եւ կոռուպցիայից ազատվելու ձգտման մեջ: 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրություն է պատերազմի եւ խաղաղության մեջ:

Զուրաբյանը հայտարարեց, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունը ոճրագործությամբ կասեցրեց ժողովրդական շարժման ցասումը, մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ը:

ՀԱԿ փոխնախագահն ասաց, որ 1997 թվին խաղաղության պայմանավորվածություն էր նախապատրաստվում 3 իրավահավասար կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ 2008-ից հետո Ադրբեջանը սկսեց նավթադոլարներով սպառազինվել՝ պատրաստելով պատերազմի:

Ապրիլի 2-ին զոհված զինծառայողների հիշատակը պետք է հարգվի, այդ օրը պարտադրում են ընտրություն, դա ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ՝ բարոյական իմաստով անընդունելի:

Լ. Զուրաբյանը խոսելով 1998-ի իշխանափոխությունից հետո Հայաստանի իշխանության վարքագծի մասին ասաց. «Իրականում իրենց նպատակը չի եղել պահել հողերը, ինչպես իրենք ասում էին, իրենց նպատակը եղել է պահել իշխանությունը՝ սեփական հարստացման նպատակով: Սա է եղել իրենց նպատակը: 18 տարի զբաղվել են միայն մեր ազգը կեղեքելով, թուլացնելով»:

Նա հայտարարեց, որ իշխանությունները զբաղված չեն եղել ռազմաճակատի գծի ամրապնդմամբ, չեն զբաղվել սպառազինությունների գնմամբ, ջերմատեսողական սարքերի ձեռք բերմամբ:

Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ ապրիլի 2-ին ընտրությունը լինելու է խաղաղության եւ պատերազմի կուսակցությունների միջեւ, խաղաղության կուսակցությունը Կոնգրես -ՀԺԿ դաշինքն է, պատերազմի կուսակցությունը հանրապետականներն են, նաեւ՝ նրանց սպասարկող մնացած բոլոր կուսակցությունները:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ նոր, կեղծիքներով ընդունված սահմանադրությամբ նախագահական ընտրություններ չեն լինելու, միակ համապետական ընտրությունները խորհրդարանական ընտրություններն են. խորհրդարանն է ընտրելու հանրապետության նախագահին եւ հավելեց. «Եթե այս ընտրություններում հաղթեց ընտրակեղծիքը, հաղթեց ընտրակաշառքը, ոչ մի լավ բանի դա չի բերելու, դա միայն նպաստելու է արտագաղթի աճին, հուսալքության խորացմանը, եւ առհասարակ, վտանգելու է մեր երեխաների, մեր երկրի ապագան»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031