Բելառուսը չի պատրաստվում կրճատել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ այլ ոլորտներում առկա տարաձայնությունների պատճառով: Ինչպես հաղորդում է «Բելտա» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Արևմուտք-2017» Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի համատեղ ռազմավարական զորավարժանքների նախագծի մասին զեկույցը ներկայացնելիս:
«Ինչպես էլ ձևավորվեն մեր հարաբերությունները նավթի, գազի, սննդամթերքի և այլ ոլորտներում, դրանք լուծելի հարցեր են: Դրանք մեր հարցերն են՝ Բելառուսի և Ռուսաստանի: Իսկ կատակել մեր ընդհանուր սահմանների անվտանգության, պաշտպանունակության հարցերի շուրջ, ոչ մի դեպքում չի կարելի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի խոսքով՝ միջազգային դրությունը պարտավորեցնում է անընդհատ բարձրացնել տարածաշրջանային խմբավորման վարպետությունը և մակարդակը՝ Միութենական պետության արևմտյան սահմանները պաշտպանելու համար:
Լուկաշենկոն նաև հիշեցրել է, որ տարիներ առաջ Մինսկը և Մոսկվան պայմանավորվել են նման զորավարժանքներ անցկացնել հերթականությամբ, այժմ Բելառուսի հերթն է: