Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Ֆիլիփս. ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է իր անարդյունավետությունը, բայց այն առնվազն կանխել է մահաբեր բռնության շղթա

Մարտ 20,2017 15:11

 «Ակոս» պարբերականի ս.թ. մարտի 16-ի համարում հրապարակված հարցազրույցը Դեյվիդ Ֆիլիփսի հետ, որտեղ քննարկվում են Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակը և վերջինիս արտաքին քաղաքականությունը, ԱՄՆ անվտանգության շահերը կապված քրդական միասնության հետ, Արցախյան հակամարտության կարգավորման ապագան, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները: 

Դեյվիդ Ֆիլիփսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի Խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի ղեկավարն է: Ֆիլիփսը որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական և արտաքին հարցերով փորձագետ է ծառայել նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք: Ֆիլիփսն աշխատել է մի շարք ուսումնական հաստատություններում. Կոլումբիայի համալսարանի Միջազգային կոնֆլիկտաբանության ծրագրի գործադիր տնօրեն է եղել, Ամերիկյան համալսարանի Հակամարտությունների կանխարգելման և խաղաղաշինության ծրագրի տնօրեն, Հարվարդ համալսարանի Դիվանագիտության ապագա ծրագրի գիտաշխատող, Հարվարդ համալսարանի Մերձավոր Արևելքի կենտրոնի գիտաշխատող, հրավիրյալ գիտնական և Վիեննայի դիվանագիտական ​​ակադեմիայի կանխարգելիչ դիվանագիտության պրոֆեսոր: Ֆիլիփսը 2015թ. հրապարակված «Քրդական գարուն (Մերձավոր Արևելքի նոր քարտեզ)» և վերջերս՝ ս.թ. մարտին հրապարակված «Անորոշ դաշնակից. Թուրքիան Էրդողանի բռնապետության ներքո» գրքերի հեղինակն է:

Դեյվիդ Ֆիլիփսի՝ «Ակոս» պարբերականին տրված հարցազրույցում քննարկվել են Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության մոտեցումը, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք, ԱՄՆ անվտանգության շահերը կապված քրդական միասնության հետ, Արցախի (Ղարաբաղի) հակամարտության կարգավորման ապագան, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները:

Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս Թուրքիայի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում այս պահին:

Եթե ՆԱՏՕ-ն այսօր ստեղծվեր, Թուրքիան իրավասու չէր լինի անդամակցել: Նախագահ Թայյիփ Էրդողանը բացահայտեց իր իրական դեմքն իբրև հակաամերիկյան և հակաեվրոպական իսլամիստ, ով քայքայում է ՆԱՏՕ-ի հիմքերը: ՆԱՏՕ-ն ավելի է, քան անվտանգության դաշինք: Այն ընդհանուր արժեհամակարգ ունեցող երկրների դաշինք է: Այսօր Թուրքիայում ավելի շատ լրագրողներ են բանտարկված, քան որևէ այլ երկրում: Վերջին իրադարձությունները՝ լեգիտիմորեն ընտրված խորհրդարանականների ձերբակալությունները, ազատ խոսքի բացակայությունը և այլ իրավունքների զրկումը, Թուրքիայի՝ ժողովրդավարական հոսանքից հեռանալու ցուցանիշներ են: Նախարարներին կուսակցական քաղաքական լոբբինգի համար օգտագործելը ողջունելի չէ Եվրոպայում:

Ո՞րն էր «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) ներսում տեղի ունեցած փոփոխությունների շարժառիթը (2007թ. հետո):

Էրդողանը 2007թ. հուլիսի 22-ից հետո օգտագործել է իր ընտրական մանդատը՝ սեփական իշխանությունն ամրապնդելու, դատական ​​համակարգի վրա գրոհ կազմակերպելու և Թուրքիայի աշխարհիկ էլիտային թիրախավորելու համար: Ընտրությունները Թուրքիային բռնապետության ուղու վրա դրեցին, որն առկա է այսօր:

Ինչպե՞ս կբնութագրեք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այսօր: Ինչ՞ կանխատեսումներ ունեք հետագա հարաբերությունների համար:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում: Էրդողանը պահանջում է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին: Սա իրավական, ոչ թե քաղաքական որոշում է: Բացի այդ, Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ը լքի սիրիացի քրդերին, ովքեր ապացուցել են, որ ԻԼԻՊ-ի զինյալների դեմ պայքարող մարտիկներ են: Պենտագոնը ցանկանում է շարունակել ԱՄՆ Անվտանգության համագործակցությունը քրդերի հետ՝ չնայած Էրդողանի հնչեղ առարկություններին:

Թուրքիայի հետ կապված ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ պետք է ակնկալել ենք Թրամփի վարչակազմից:

Շատ վաղ է ինչ-որ բան ասել: Երբ Թրամփն ու Էրդողանը խոսեցին փետրվարի 8-ին, նրանք խուսափեցին վիճելի հարցերից, ինչպիսիք են Թրամփի՝ մահմեդականների ճամփորդական արգելքը և Թուրքիայի հետապնդումները հեղաշրջումից հետո: Փոխնախագահ Մայք Փենսն ազդարարեց «նոր դարաշրջան» ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Հռետորաբանությունը փոխվել է, սակայն դեռևս բովանդակային առումով տարաձայնություններ կան:

Ինչու՞ է Թուրքիան «Անորոշ դաշնակից» դարձել Ամերիկայի համար: Արդյո՞ք պատճառը միայն Թուրքիայի քրդական քաղաքականությունն է:

Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ մտահոգություն է առաջացնում կապված վերջինիս արձագանքի հետ՝ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի, Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա: Մոտ 140,000 թուրք ձերբակալվել կամ աշխատանքից ազատվել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձից հետո, որի արդյունքում Թուրքիայի զինված ուժերը ջլատվեցին: Քուրդ բնակչությանը թիրախավորելը պատերազմական հանցագործություն է, որի համար Էրդողանը պետք է պատասխանատվության ենթարկվի: Հայերը ցեղասպանության զոհեր էին: Հայերը բոլորից լավ ծանոթ են Թուրքիայի ցասմանը և վերջինիս առաջնորդների երկերեսանիությանը:

Ինչ՞ կասեք քրդերի մասին: Դուք որոշ ժամանակ եղել եք Իրաքյան Քուրդիստանում: Ի՞նչ են նրանք մտածում Թուրքիայի մասին և ի՞նչ են ակնկալում վերջինից:

Իրաքի քրդերի և Թուրքիայի միջև լայն համագործակցություն կա, այդ թվում՝ Քիրքուքի և Սուլեյմանիայի նավթի և գազի հանքավայրերից էներգիայի փոխադրումը Ջեյհան նավահանգիստ: Եվ Թուրքիան, և Իրաքյան Քրդստանը թշնամաբար են տրամադրված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: ԻԼԻՊ-ի դեմ պայքարում քրդական միասնությունը վճռորոշ է:

Որքա՞նով են կարևոր քրդերն ու «քրդական հարցը» Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում:

Թուրքիայում մոտ 20 միլիոն քուրդ կա: Սակայն նրանց քաղաքական և մշակութային իրավունքները շարունակ ոտնահարվում են: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) տասնյակ պատգամավորներ բանտում են: Քուրդ քաղաքապետներ են ձերբակալվել կամ աշխատանքից ազատվել: Քրդական համայնքների միության (KCK) հետ կապ ունեցող տեղական համայնքների ղեկավարներ թիրախավորվում են և բանտարկվում: Թուրքիան չի կարող լինել ժողովրդավար, մինչև քրդերը հավասար քաղաքացիներ չլինեն: Ընդհակառակը, քրդերը զոհ են դառնում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վերջերս հրապարակած զեկույցում նկարագրվում էին զանգվածային կոտորածներ ու տեղահանություններ՝ չնայած փաստերը տեղում թաքցնելու Թուրքիայի ջանքերին և ՄԱԿ-ի հետաքննող խմբին մուտքի թույլտվությունը մերժելուն:

Կասկածներ ունե՞ք Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի համապատասխանության հետ կապված:

Առաջարկում եմ, որ Հյուսիս-ատլանտյան խորհուրդը Համապատասխանության քննչական հանձնաժողով ստեղծի, որը կգնահատի ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործողությունները՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված: Եթե ​​ՆԱՏՕ-ի անդամ երկիրը երկու տարի անընդմեջ բացասական գնահատական է ստանում, վերջինիս անդամակցությանը պետք է կասեցվի: Թուրքիայից զատ, Հունգարիան ևս մտահոգիչ երկիր է:

Ինչ՞ եք կարծում, ի՞նչ տեղի կունենա Թուրքիայում ապրիլյան հանրաքվեից հետո: Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը Թուրքիայում մայիսին:

Թուրքերի մեծամասնությունը «ոչ» կքվեարկի՝ մերժելով Էրդողանի գործադիր նախագահությունը: Սակայն Էրդողանը ընտրակեղծիքների դիմելով հաղթանակ կհայտարարի: Սահմանադրական բարեփոխումներով բռնապետության ստեղծումը Էրդողանի երկարամյա նախագիծն է եղել: Նա ոչ մի դեպքում չի պարտվի քվեարկությանը: Դրան կհաջորդի անկայունություն և սոցիալական հակամարտություն:

Թուրքիան աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր երկիր է եղել թե Եվրոպայի, թե Կովկասի համար: Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Ադրբեջանի վրա և, ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր խախտել հրադադարի համաձայնագիրը: Ինչպիսի՞ ազդեցություն կարող է թուրքական քաղաքական անորոշությունն ունենալ տարածաշրջանում, հատկապես Ադրբեջան-Արցախ (Ղարաբաղ) հակամարտության հետ կապված:

Թուրքիան կձգտի փոխել Մինսկի խումբը՝ ընդլայնված դերակատարում պահանջելով իր համար, կամ փորձելով ԵԱՀԿ-ից միջնորդությունը փոխանցել ՄԱԿ-ին: Թուրքիան այս հակամարտության կողմերից է և չի կարող կառուցողական դեր խաղալ միջնորդությունում: ԵԱՀԿ Մինսկի խումբն ապացուցել է իր անարդյունավետությունը, բայց այն առնվազն կանխել է մահաբեր բռնության շղթա, որից Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեին օգտվել:

Տարիներ շարունակ դուք ջանքեր եք գործադրել հանուն թուրք-հայկական հաշտեցման և առանց նախապայմանների սահմանների բացման: Ի՞նչ կանխատեսումներ ունեք Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հարաբերությունների կապակցությամբ:

Արձանագրությունները [Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման] ճանապարհ են հարթում դեպի առաջ: Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները՝ հնարավոր դարձնելով ազատ ուղևորափոխադրումները և առևտուրը, ինչպես նաև ընդլայնված դիվանագիտական ​​համագործակցությունը: Բայց Էրդողանը չի կիսում իմ տեսակետը: Հարաբերությունների կարգավորումը նրա տեսանկյունից նշանակում է ստորացնել ու շահագործել հայերին: Հարաբերությունների կարգավորումը գործընթաց է, ոչ թե իրադարձություն: Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները պետք է ընդլայնեն իրենց փոխգործակցությունը և համագործակցության նոր ոլորտներ որոնեն: Մենք արդեն առաջընթացի ականատես ենք եղել, երբ մարդիկ հանդիպում և կարող են մարդկային առումով հարաբերվել՝ անկախ իրենց իշխանությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031