Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը Ծառուկյանի բիզնեսներում որեւէ խախտում չի գտել. Ըստ Արարատ Զուրաբյանի, Ծառուկյանը թափանցիկ է գործել

Մարտ 20,2017 14:36

«Բազմաթիվ ուժեր փորձում են քարոզարշավ կազմակերպել, բայց ստվար հանրություն չի հավաքվում: Ի տարբերություն դրա, «Ծառուկյան» դաշինքի հավաքները բազմամարդ են, հույս ներշնչող»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանը:

Նա վկայակոչեց սոցհարցումները, ըստ որոնց՝ «Ծառուկյան» դաշինքն առաջին տեղում է, եւ հանրության մեծամասնությունն իր հույսը կապում է հենց այս քաղաքական ուժի հետ:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ հանրությունը պետք է հասկանա՝ այն ուժերը, որոնք հավակնում են հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարել եւ հայտնվել խորհրդարանում, չեն կարող հարց լուծել, իսկ այն ուժերը, որոնք մեծ տոկոսով ներկայացվածություն կունենան, հնարավորություն կունենան իշխանափոխություն իրականացնել:

Հարցին՝ «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը քննադատում է Ծառուկյանին՝ ասելով, որ նայեք նրա անցած ճանապարհը, Քոչարյանի ժամանակ հարստացավ, որեւէ մեկը դրան գնահատական չտվեց՝ Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Մեծ հարգանքով եմ վերաբերվում Արամ Սարգսյանին, բայց իմ տեսակետը խիստ տարբերվում է Արամ Սարգսյանի տեսակետից: Մեկ տարի առաջ ՀՀ իշխանությունները Գագիկ Ծառուկյանին հայտարարել էին պերսոնա նոն գրատա անձ, որին պետք է հետապնդեին ցանկացած ուղղություններով, նրա տնտեսական գործունեությունը միկրոսկոպիկ հետազոտության ենթարկեն, գտնեն անօրինականությունները, խախտումները: Մենք ականատես եղանք, որ Նիկոլ Փաշինյանը նույն «Ելք» դաշինքից հարց էր ուղղում նախագահի նստավայր, որ հայտարարում էիք, որ Ծառուկյանը այս խախտումներն է արել, հիմա որտեղ է գտնվում այս հարցը եւ ինչ լուծումներ է ստացել»:

Նա ասաց, որ եթե Ծառուկյանի մասին խոսում են, որ նա ինչ-որ խոստումներ է ներկայացրել, ապա եկեք չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանը դա անում է՝ ինչքան հիշում ենք Գագիկ Ծառուկյանին՝ տարվա մեջ 365 օր. «Եթե ՀՀ-ում որեւէ բարեգործի անուն նշելու լինեմ, ցանկացած ՀՀ ներկայացուցիչ Համահայկական հիմնադրամից առաջ կնշի Գագիկ Ծառուկյանի անունը»:

Նա ասաց, որ ողջունելի է, երբ հանրությունը ակնկալիքներ ունի Ծառուկյանից. «ՀՀԿ-ն երջանիկ կլիներ, եթե հասարակությունը ակնկալիք ունենար Սերժ Սարգսյանից»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի, իսկ մյուս ուժերից 3-4-ը, ըստ նրա, չեն հայտնվի խորհրդարանում առհասարակ:

Մենք ճշտեցինք՝ այն, որ Նիկոլ Փաշինյանի հարցին չպատասխանեցին, դա նրանից է, որ Ծառուկյանը լրիվ մաքո՞ւր գործունեություն է իրականացրել, թե՞ նրանից է, որ Ծառուկյանը լսել է իշխանությունների հորդորը եւ դուրս եկել քաղաքականությունից, բարիշել իրենց հետ՝ նա պատասխանեց. «Մեր իշխանությունները այդքան բարի չեն, ինչքան ձեզ կարող է թվալ: Մեր իշխանությունները, երբ որ արտահայտել էին այն միտքը, որ Ծառուկյանի գործունեության մեջ կա խիստ նեգատիվ հատված, ինչ-որ բան կուզենային վեր հանել»: Նա ասաց, որ քաղաքականության մեջ լինելով՝ Ծառուկյանն ի սկզբանե գիտեր, թե ինչ կարող է լինել, իր գործունեությունը շատ թափանցիկ է արել, այդ իսկ պատճառով իշխանությունները որեւէ բան չգտան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031