«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Աշտարակում իր քարոզարշավը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով երեքշաբթի մահացած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակը:
Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը իր ելույթի ընթացքում վստահություն հայտնեց, թե իշխող ուժը բավարար ռեսուրսներ չունի, եւ ազատ, արդար ընտրությունների դեպքում իշխող Հանրապետականը 5 տոկոսի շեմը չի հաղթահարի, սակայն այս պայմաններում էլ անհնար է, որ 30 տոկոսից ավելի հավաքեն. «Փաստորեն, այնտեղ դեռ 70 տոկոսը հնարավորություն կտա, որ երկու կամ երեք քաղաքական ուժերը միասին ընտրություններից հետո համախմբվեն եւ կառավարություն կազմեն: Հավատացեք, որ դա շատ ռեալ է՝ նոր Սահմանադրությունը այդ հնարավորությունը մեզ տալիս է»:
Վարդան Օսկանյանը Աշտարակի բնակիչներին խոստացավ, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ընտրելու դեպքում իրենք ամեն օր փոփոխություն կզգան. «Մյուս ոլորտը, որ շատ վստահ ենք զգում՝ երկրի անվտանգությունն է եւ արտաքին քաղաքականությունը: Ձեր առաջ կանգնել են, վաղվանից արդեն կմիանա նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, երկու արտաքին գործերի նախարարներ՝ հիմնադիր արտգործնախարար եւ հետո ես՝ 10 տարի, պաշտպանության նախարար՝ Ղարաբաղի ազատագրման ակունքներում եղած, բանակի ստեղծման ակունքներում, Ղարաբաղի հերոս: Երեքով մենք հայտ ենք ներկայացնում ձեզ, հավատացեք, որ անվտանգության եւ արտաքին քաղաքական խնդիրները շատ արագ լուծելու ենք:
Ղարաբաղի հարցում արդար լուծման ենք հասնելու: Այո՛, ինչպես իմ ժամանակաշրջանում հնարավոր եղավ, որ մենք ընդամենը Ադրբեջանի կազմում հնարավոր ինքնավարությունից հասանք նրան, որ ամրագրեցինք բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նույն վստահությամբ ես հայտարարում եմ, որ այսօր էլ հնարավոր է, որ մենք հասնենք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից կամ Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միավորման ճանաչմանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ