Այսօր «Հայացք» ակումբում «Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ առաջարկում են կանոնակարգել գիշերային ակումբների աշխատանքը եւ մարմնավաճառներին լիցենզավորել. «Կա նաեւ գիշերային կյանք այս քաղաքում, որ փողոցը գնում ես, քշում ես, երեխայի հետ անցնում ես, տեսնում ես կանգնած են: Գիտեք ինչ կա, վերջապես պետք է օրենքով կանոնակարգել: Պետք է էդ մարդիկ փող մուծեն, լիցենզիա ստանան եւ մեկ կամ երկու տեղ հատկացնենք, ասենք՝ գնացեք կանգնեք: Ամեն տեղ քաղաքում չի կարող լինել գիշերային ակումբ: Ոմանք ասում են, որ դա անում ենք իրանցի զբոսաշրջիկների համար, արե՛ք: Թող իրանցի զբոսաշրջիկները լինեն, բայց տեղ տարեք, թող ինչ ուզում են անեն»:
Նա ասաց, որ ինքը այնպիսի տեղ է ապրում, որ ամեն իրիկուն լսում է զբոսաշրջիկների եւ այդ մարդկանց զրույցը, բանակցությունները:
Մենք ճշտեցինք՝ ուզում եք օրինականացնե՞լ մարմնավաճառների բիզնեսը՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Թող լիցենզիայով լինի, անպայման: Նրանք պետք է անցնեն բժշկական ստուգում, նոր սպասարկեն զբոսաշրջիկներին: Եթե չեք օրինականացնում, ինչի՞ չեք բռնում: Քաղաքակիրթ երկրում, օրինակ՝ Գերմանիայում, Եվրոպայի երկրներում, օրինակ, ես գտնում եմ, որ Փարիզը շատ ավելի բարոյական է, քան Երեւանը: Երեւանում քաղաքի ցանկացած հատվածում տեսնում ես այդպիսի երեւույթ՝ գիշերային ակումբ, պոռնկություն, չի՛ կարող այդպես լինել: Հիմա օրինականացված չի՞: Հիմա, ի դեպ, դա չի դատապարտվում մեր օրենքներով: Բայց կեսն արել ենք, կեսը չենք արել»:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ երկու ճանապարհ կա մարմնավաճառների հարցում՝ կամ մեզ Հյուսիսային Կորեայի տեղ ենք դնում ու բոլորին փողոցում սպանում ենք, վառում ենք, կամ լիցենզիա ենք տալիս մարմնավաճառներին: Նա ասաց, որ պետք է բաց ճակատով նայել:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ եթե օրինականացվի այդ բիզնեսը, չի՞ ընդլայնվի՝ նա պատասխանեց. «Երբե՛ք ի՞նչ ընդլայնվի: Հանգիստ եղեք: Դուք կարծում եք հիմա մարմնավաճառներն ավել են, քան կոմունիստների ժամանա՞կ»: Նա հիշեցրեց, որ Կրկեսի տարածքում էին այն ժամանակ էլ կանգնում ու հիմա ժամանակն է խիստ օրենքներով կարգավորել:
Բագրատյանն ասաց, որ նույն «Հաց բերողի» փաստով Եվրոպայում նախագահ նույնիսկ հրաժարական կտար, իսկ մեր երկրում ոչ ոք չի պատժվում:
Նա ասաց, որ երբ իրենք գան իշխանության, մինչեւ 20-25 տարեկան ջահելների են գործի ընդունելու՝ անկախ նրանից՝ փորձ ունեն, թե չէ:. «Ճար չունենք: Որոշ համակարգեր պիտի սրբվեն, որ էս երկիրն աշխատի: Ավլել-թափել է պետք»:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ բացառությամբ երկու բուհի՝ Սլավոնական համալսարանից եւ Ամերիկյան համալսարանից մնացած բոլոր բուհերը կաշառք են վերցնում՝ ստուգարք, քննությունը նշանակելու համար: Իհարկե, երբեմն պատահում են ազնիվները, բայց համակարգը այլանդակ է, ըստ նրա: Բագրատյանն ասաց, որ ամբողջությամբ բանակի վերնախավը պետք է փոխեն. «Բոլորը կուղարկվեն «պատվավոր թոշակի»: Պետանվտանգությունը ամբողջությամբ կմաքրվի, որ այսօր լրտեսություն է անում իր քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության վերնախավը ամբողջությամբ կփոխվի: Լեւոն Երանոսյանին հաստատ գործի տեղը չեք տեսնի»:
Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ երկիրը բուժման կարիք ունի, քաղցկեղով է հիվանդ, բայց բարեբախտաբար, դեռ կարող է բուժվել՝ մինչեւ չարորակ դառնալը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նալոգ դնեն, հաշվիչ ու ստուգող էլ պտի դնեն: Դրա փոխարեն թող անապահով խավերին անվճար սպասարկեն, պետ պատվերով: Բայց պաշտոնյաները ըստեղ էլ համը կհանեն ..