Իսկ ի՞նչ են նախատեսում իրենց նախընտրական
ծրագրերում ընտրություններին մասնակցող ուժերը
Խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի նախընտրական ծրագրերից յուրաքանչյուրում անդրադարձ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի լուծմանը: Ակնհայտ է, որ հակամարտության լուծման դաշտում ՀՀԿ-ի եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մոտեցումները համընկնում են:
Մասնավորապես, ՀՀԿ նախընտրական ծրագրում ամրագրված է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու: Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ»:
Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարեց, թե կողմ է Կազանի փաստաթղթին, ինչը ենթադրում է տարածքների հանձնում:
Կարդացեք նաև
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում խաղաղության գաղափարախոսությանը զուգահեռ՝ ամրագրված է հաշտեցման անհրաժեշտությունը: Մասնավորապես, նշված է. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր»:
«Առավոտի» հետ զրույցում լրագրող Թաթուլ Հակոբյանն ընդունեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀԱԿ-ՀՀԿ կարծիքները համընկնում են: Նա մանրամասնեց. «Հասկանալի է, որ երբ ՀՀ իշխանությունները` կոնկրետ Սերժ Սարգսյանը, գնում բանակցում է Կազանում, Մոսկվայում, Փարիզում եւ այլ քաղաքներում, Մինսկի խմբի միջոցով օգտվում Պուտինի եւ այլ առաջնորդների ներկայությունից, հասկանալի է, որ բանակցություններում խոսք է գնում փոխիջումների մասին, քանի որ բանակցել՝ նշանակում է հասնել փոխզիջումային արդյունքի: Եթե բանակցում ես, ապա, բնականաբար, խոսում ես նաեւ տարածքներ հետ տալու մասին»: Ըստ Թաթուլ Հակոբյանի` սա գաղտնիք չէ, ավելին՝ Ղարաբաղյան կարգավորման բոլոր առաջարկությունների հիմքում դրված է եղել տարածքների վերադարձի խնդիրը: Այս առիթով պարոն Հակոբյանը փաստեց. «Տարբեր փաստաթղթերում տարբեր շրջանների մասին է նշվել` 6-6.5 շրջան, եղել է նաեւ ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող բոլոր շրջաններ անվանումը»:
Դառնալով ՀՀԿ-«Կոնգրես-ՀԺԿ» մոտեցումների նմանություններին` պարոն Հակոբյանն ասաց. «Այո, ես կարծում եմ, որ Արցախի հարցում Սերժ Սարգսյանը փորձում է գտնել փոխզիջումային լուծում, եւ ակնհայտ է, որ ՀԱԿ-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույնպես անում է խաղաղության, բարիդրացիության քարոզչությունը: Եվ այս իմաստով, իհարկե, կան նմանություններ: Բայց չեմ կարող պնդել, որ այս երկու գործիչներն ու ուժերը` Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, պայմանավորվել են, որ մեկը պիտի գնա ռեալ բանակցի, մյուսն էլ` որպես ընդդիմադիր ուժ, աջակցի»: Թաթուլ Հակոբյանի կարծիքով` դրա համար չունի հստակ ինֆորմացիա եւ հիմքեր, հետեւաբար չի կարող շատերի նման պրիմիտիվ ձեւով ասել, թե Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնության են եկել:
Թաթուլ Հակոբյանը հիշեցրեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին: Նա նշեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր եւ հող չէր տալիս: Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուրջ, ըստ որի` Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատրաստակամություն էր հայտնում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»:
Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին` պատճառաբանելով, որ անգամ եթե նրանց ծրագրերում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են եւ ռեալ վարում են բանակցություններ. «Այդ ինը ուժերից բոլորն էլ իշխանության մեջ լինելու դեպքում ստիպված են լինելու ընտրություն կատարել` կամ բանակցում են Ադրբեջանի հետ եւ փորձում են գտնել բանակցված լուծում, ինչը ենթադրում է փոխզիջում, կամ հայտարարում են, որ ստատուս քվոն մեզ համար լուծում է, եւ հազար տարի էլ անցնի, մի թիզ հող հետ չենք տալու»:
Թաթուլ Հակոբյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց մոտեցումները համեմատում է այն բանի հետ, երբ նույն այդ կուսակցությունները խոստանում են տասն անգամ բարձրացնել աշխատավարձերը եւ այլն. «Դրա համար կարող եմ ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հարցին պատասխանել, մնացածին կարելի է անդրադառնալ այլ առիթներով, բայց ոչ այս շրջանում, երբ բոլորն ուզում են երեւալ ամենաառաջին պատրիոտներ, մի թիզ հողականներ: Բավական է նրանք գան իշխանության եւ հլու-հնազանդ կլսեն պարոն Պուտինի` Մոսկվա հրավերները, կգնան ու խելոք կերպով կսկսեն բանակցությունները»:
Մեր այն հիշեցմանը` չի՞ առանձնացնում արդյոք «Ազատ դեմոկրատներին», որը միակն է, որ հստակ հայտարարում է` պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ անգամ ՀԱՊԿ-ից, Թաթուլ Հակոբյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության հարցում «Ազատ դեմոկրատներն» ակնհայտորեն տարբերվում է մուս բոլոր ութ կուսակցություններից եւ դաշինքներից, եւ այս իմաստով նրանք այլընտրանք են: Չեմ ասում, որ ովքեր լսեցին այլընտրանք բառը, գնան քվեարկեն նրանց օգտին, բայց ես նրանց այդպես եմ պատկերացնում»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
18,03.2017