Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշորացված համայնքներում շարունակվում են վարչատարածքային բարեփոխումների`առկա իրավիճակին վերաբերող հարցերի քննարկումները

Մարտ 20,2017 13:05

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում շարունակում է ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շարքը: Ս.թ. մարտի 15-17-ին հերթական հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի, Տաթև, Տեղ, Գորիս և ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքներում:

Այցելությունների նպատակն է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում 2015-2016թթ. ընթացքում արդեն իսկ խոշորացված 18 համայնքներում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության ստացումը և ամփոփումը, նշյալ համայնքներին առավել հասցեական մեթոդական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև 2017-2018թթ. պլանավորվող վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ առավել հիմնավոր որոշումների ընդունմանը նպաստումը: Հանդիպումներին մասնակցել են վերոնշյալ համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, վարչական ղեկավարներն ու աշխատակազմերի ներկայացուցիչները:

Հանդիպումների ընթացքումՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մասին օրենսդրական վերջին փոփոխությունները, ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի խնդիրները, գործընթացային և առօրյա աշխատանքներին վերաբերող կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև պատասխանել համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները մասնակիցների հետ քննարկել են վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, համայնքներում կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև գործընթացում առաջացած որոշակի խնդիրներին, ճշգրտման ենթակա ընթացակարգային, ինչպես նաև համայնքներում էլեկտրոնային կառավարման, մասնակցային և տնտեսական զարգացմանն ուղղված պլանավորման, ժամանակակից՝ արդյունքահեն և ծրագրային բյուջետավարման բնագավառներում անելիքներին:

Որպես ընդհանուր դիտարկում՝ վերոնշյալ համայնքներում աշխատանքներ են տարվում համայնքի կողմից հանրային ծառայությունների ընդլայնման, դրանց մատչելիության բարելավման, գործող ենթակառուցվածքների ավելի արդյունավետ օգտագործման և այլ դրական փոփոխությունների ուղղությամբ՝ արմատավորելով մեկ միասնական բազմաբնակավայր համայնք գաղափարը և ապահովելով վարչատարածքային բարեփոխումների հիմնական նպատակների իրացումը՝ ինչպես կարճաժամկետ (օրինակ՝ վարչական ծախսերի տնտեսումների հաշվին ծառայություն մատուցող օղակների ավելացում), այնպես էլ միջին-ժամկետ հեռանկարում (օրինակ՝ նոր լիազորությունների փոխանցման հնարավորությունները):

ԳՄՀԸ ծրագրի ներկայացուցիչները կարևորել են նաև համայնքների աշխատակազմերի համապատասխան կարողությունների բացերի արձանագրումը և դրանց արձագանքման անհրաժեշտությունը:

Հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպելու, աշխատանքային կարգով բարձրացված առանձին հարցերի արձագանքելու, ինչպես նաև նշյալ ուղղություններով ՏԿԶՆ-ԳՄՀԸ համագործակցությունը կազմակերպելու և շարունակելու վերաբերյալ:

ՀՀ խոշորացված համայնքներում վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ համատեքստում քննարկումների շարքը կրում է շարունակական բնույթ: Արդեն իսկ հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում և Կողբ համայնքներում (2017թ. հունվարի 18), ՀՀ Սյունիքի մարզի Գորայք և Վայոց Ձորի Ջերմուկ, Զառիթափ և Վայք խոշորացված համայնքներում (2017թ. հունվարի 24-25), ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի Արփի, Ամասիա, Աշոցք և Սարապատ համայնքներում (2017թ. փետրվարի 14-15):Համապատասխան հանդիպումներ կկազմակերպվեն այլ խոշորացված համայնքներում ևս:

 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031