Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը օտարերկրյա ներդրումներ է խոստանում, իսկ ECED-ն ասում է՝ ՀՀ-ն գրավիչ չէ՝ շրջափակման մեջ է, պատերազմի վտանգ կա

Մարտ 20,2017 15:30

Որքան էլ կառավարության ղեկավարն իր թիմով, այսպես ասած՝ «կաշվից դուրս գալով» փորձում է Հայաստան ներգրավել օտարերկրյա ներդրումներ, համոզել ներդրողներին, որ մեր երկրում հրաշալի պայմաններ կստեղծեն նրանց համար, միջազգային կառույցները Հայաստանը ոչ գրավիչ երկիր են համարում ներդրումների առումով:

Կառավարության անդամները վերջին շրջանում, ուզում ենք հավատալ, ուժերի ներածի չափով լծվել են ներդրումներ բերելու գործին: Մինչ վարչապետն անգամ նախընտրական այս քարոզչության հարթակն օգտագործելով՝ հանրությանը համոզում է, որ շուտով օտարերկրյա ներդրումների շռնդալից հոսք կլինի մեր երկրում, միջազգային կառույցները մեր երկրին բացասական գնահատական են տալիս ներդրումների առումով:
Օրերս Եվրասիական կենտրոնը (ECED) հրապարակել է «Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ներդրումային գրավչության քարտեզ» զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը նախանձելի չեն: Այս զեկույցում ներառված է 8 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան եւ Թուրքմենստան: Հայաստանն այս զեկույցում ներդրումային գրավչության ցուցանիշով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Ընդ որում, Ադրբեջանը 2-րդ տեղում է:
Զեկույցում երկրների ներդրումային գրավչությունը գնահատվել է մի քանի գործոններով՝ տրանսպորտային հասանելիություն, քաղաքական կայունություն, տնտեսական զարգացման ծրագրերի իրագործում եւ այլն:

Զեկույցում Հայաստանում ներդրումների համար որպես բացասական կողմեր նշել են արտաքին քաղաքական բարձր վտանգները (Ադրբեջանի հետ զինված հակամարտության սպառնալիքը), տրանսպորտային շրջափակումը, պաշարների աննշան բազան, սոցիալական հակասությունների առկայությունը, քաղաքական ապակայունացման վտանգները:

Նշենք, որ հենց միջազգային կառույցների զեկույցներն են ցուցիչ օտարերկրյա գործարարների համար, թե որ երկրում բիզնես հիմնելու ու շարունակելու համար կան նպաստավոր պայմաններ, եւ այս օտարերկրացիները միամիտ չեն, նրանք հաշվի են առնում միջազգային կառույցների՝ որեւէ երկրի վերաբերյալ գնահատականները:
Իսկ ներդրողներին ամեն կերպ համոզող ու Հայաստան բերող մեր նախարարները «անհուսալի լավատես են», նրանք շարունակում են հանրությանը համոզել, որ պատերազմն ու փակ սահմանները օտարերկրյա ներդրողների համար խոչընդոտ չեն: Օրերս տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ վստահեցրեց, որ կառավարության անդամների՝ Ֆրանսիա այցելության ժամանակ բազմաթիվ առաջարկություններ են եղել, 2-3 կազմակերպություն արդեն հետաքրքրություն են հայտնել եւ մոտ ժամանակներս կայցելեն Հայաստան, որպեսզի ներդրումներ իրականացնեն: «Առավոտը» պարոն նախարարից հետաքրքրվել էր՝ օտարերկրյա այդ ներդրողներին չե՞ն մտահոգում Հայաստանի փակ սահմանները, շրջափակումն ու պատերազմը, վերջինս պատասխանել էր. «Հակառակը՝ Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ է այն հանգամանքով, որ ոչ թե սահմանները փակ են, այլ Հայաստանն այն հարթակն է, որով օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է ստեղծվում մուտք գործել շատ մեծ շուկաներ, դա Եվրասիական տնտեսական միության շուկան է, որի անդամ ենք մենք, դա այն արտոնյալ ռեժիմն է, որից մենք օգտվում ենք, որ Եվրամիությունից օգտվում ենք, դա GSP+ ազատականացված ռեժիմն է»: Իսկ նրանք Վերին Լարսի անվստահելի ճանապարհի մասին տեղյա՞կ են՝ մեր այս հարցին էլ ի պատասխան նախարարն ասել էր. «Այո, բոլորն էլ տեղյակ են, դրա լուծումներն էլ նախանշված են եւ մոտ ժամանակներս կլինեն»:

Ի՞նչ է ստացվում. տրանսպորտային շրջափակումից, քաղաքական ապակայունացման վտանգներից, էլ չենք ասում՝ անհավասար մրցակցային դաշտից, արտահանման անհուսալի ճանապարհներից անգամ տեղական արտադրողներ են դժգոհում, իսկ օտարերկրա գործարարների համար, ըստ Կարայանի, շրջափակումը այնքան էլ կարեւոր խնդիր չէ:

Ընդ որում, ECED-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակը առանձնանում է լարվածության բարձր մակարդակով եւ անկանխատեսելիությամբ՝ պայմանավորված մի շարք գործոններով: Երկարաժամկետ պատճառներից է Արցախյան հակամարտության առկայությունը, բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Բացի այս, զեկույցում անդրադարձ անելով ներդրումային եւ վարկային միջազգային վարկանիշներին, հղում անելով Moody’s-ին, նշվում է, որ այս կառույցը Հայաստանի վարկանիշը 2015թ. հունվարին նվազեցրել է մինչեւ Ba3 մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ, իսկ Fitch-ը նվազեցրել է վարկային կայունության գնահատականը՝ կայուն կանխատեսմամբ: Միակ ոլորտը, որ մեր կառավարությունը կարող է գլուխ գովել, Doing Business-ի գնահատականն է. այս վարկանիշում Հայաստանը 2016-ին զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, օտաերկրյա ներդրումների ծավալը մեր երկրում մի քանի տասնյակ անգամ նվազել է:
Կառավարության հույսը, հավանաբար, օտարերկրյա հայազգի գործարարներն են, օրինակ՝ ռուսաստանաբնակ հայերը, որոնց հետ վերջերս հանդիպել է վարչապետը, նրանք, ինչպես կառավարության անդամներն են վստահեցնում, մինչեւ այս ամսվա վերջ իրենց ներդրումների մասին կհայտարարեն:

Ինչ վերաբերում է օտարերկրացի գործարարներին կամ օտարերկրյա խոշոր ընկերություններին, այնուամենայնիվ, անգամ նախագահի ու վարչապետի մակարդակով հանդիպումները չեն կարող համոզել մեծ փողեր ներդնել մի երկրի հատկապես արդյունաբերությունում (բացառությամբ ՏՏ ոլորտը, որի համար փակ սահմաններն ու պատերազմը խոչընդոտ չեն), քանի դեռ ունենք փակ սահմաններ, պատերազմի վտանգ եւ քաղաքական ապակայունացում:

Մնում է հուսալ, որ գոնե ԵԱՏՄ անդամ երկրից, մասնավորապես ՌԴ-ից սպասվելիք ներդրումները իրականություն կդառնան: Սա էլ պարզ կլինի, հավանաբար, եկող ամիս:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031