Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում, քանի որ կա միջազգային ճնշում». ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար

Մարտ 20,2017 12:24

«Տարեկան 15.000 արտասահմանցի զբոսաշրջիկ, տասնյակ հազարավոր ՀՀ բնակիչներ, 44 հյուրանոցային համալիրներ, ՀՆԱ 3 տոկոս, 1281 դիտարժան վայրեր, 7 տուրիստական ընկերություններ: Առավելագույն թվով զբոսաշրջիկներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իրանից և Եվրոպայից»,- Արցախի զբոսաշրջության ոլորտն այսպես ներկայացրեց ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը Ստեփանակերտում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ընթացքում:

Ստեփանակերտ ժամանած շուրջ 30 արտասահմանցի լրագրողներին հետաքրքրում էին Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, Ադրբեջանի «սև ցուցակին» Ղարաբաղ բրենդի ռեբրենդին վերաբերող հարցեր:

«Սև ցուցակին» վերաբերող հարցին պարոն Շահվերդյանը պատասխանեց. «Դա ևս Ադրբեջանի կողմից փորձ է վախեցնել հանրությանը և հետ պահել Արցախ այցելությունից: Լապշինի գործ էլ էր դրա համար հորինված: Այսինքն՝ ամեն կերպ Ադրբեջանը փորձում է խոչընդոտներ ստեղծել Արցախի տուրիզմի զարգացման համար»:

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցի առնչությամբ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ասաց. «Օդանավակայանը չի աշխատում ոչ թե նրա համար, որ Ադրբեջանի կողմից կա ճնշում, այլ որ միջազգային հանրությունն է ճնշում գործադրում: Իսկ թե երբ կարող է այդ հարցը լուծվել, ոչ ոք պատասխանել չի կարող»:

Պարոն Շահվերդյանն ասաց, որ փոխարենը կառուցվել է ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ կապող երկրորդ ճանապարհը:

Ղարաբաղ բրենդի ռեբրենդինգի հետ կապված Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ այս հարցում ժամանակ ու զգուշավորություն է պետք. «Ղարաբաղ բրենդն ավելի ճանաչելի և ընդունելի է արտասահմանցիների կողմից: Նախ` մենք քայլեր պետք է ձեռնարկենք, որ Արցախ և Ղարաբաղ անվանումները դառնան համարժեք, հետո ռեբրենդինգի արդյունքում Ղարաբաղը փոխարինենք Արցախով: Այժմ տուրիզմի ոլորտում դեռ կշարունակի մնալ Ղարաբաղ բրենդը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031