«Ես ձեր թույլտվությամբ ուզում եմ կիսվել իմ ներքին ապրումների ու մտքերի հետ…Մենք ունենք բազմաթիվ չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ, մենք ունենք խնդիրներ, որոնք կապված են արդարության հետ: Մենք ունենք քաղաքացիներ, որոնք արտագաղթում են՝ ավելի լավ կենցաղային պայմաններ ունենալու համար: Ինչ ենք առաջարկում մենք, մեր թիմը: Մենք հստակ ներկայացրել ենք ծրագիր, թե ոնց ենք պատկերացնում մեր վաղվա օրը, եւ ինչպիսի երկիր ենք թողնելու մեր թոռներին եւ երեխաներին»,- Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում մարտի 19-ին վանաձորցիների հետ իր «ներքին ապրումներով կիսվեց» վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ կառավարության ղեկավարի, նշված ծրագիրը պատասխանում է մի քանի հարցի. «Այդ ծրագրի մեջ կա հստակ ախտորոշում մեր բոլոր պրոբլեմների, եւ կա բոլոր ոլորտների տեսլականը: Ախտորոշումը ցույց է տալիս, որ մեր բոլոր ոլորտներում պետք է բարձրացնենք արդյունավետությունը եւ պրինցիպիալ պետք է փոխվենք եւ փոխենք: Փոխվելը մենք սկսել են մեզանից»:
Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ իրենց թիմը կարող է փոխել երկիրը: Միաժամանակ հավելեց, 2017 թվականին մեկնարկում են 3.2 մլրդ դոլար արժողությամբ ծրագրերը. «3.2 մլրդ դոլար ինվեստիցիոն ծրագրից մենք կանխատեսում ենք 830-840 մլն դոլարն այս տարի անենք: Իսկ այդ գումարից 151 մլն դոլարը ներդրվելու է Լոռու մարզում՝ 45 ծրագրով, եւ առնվազն 2500 աշխատատեղով: Հիմնական 5 ուղղություններ ենք վերցրել, որ այս տարի ուշադրություն ենք դարձնելու Լոռու մարզում»:
Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը հորդորեց, ուշադիր կարդալ բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը, իսկ քվեն տալ արժանավորին. «Խնդրում եմ բոլոր ծրագրերն ինքներդ ձեր միջով անցկացնեք, որին հավատում եք եւ իրատեսական եք համարում, ձեր ձայնը տվեք նրանց: Ո՞վ է երկիրը ներկայացնելու, ո՞վ է բանակի համար պատասխան տալու, ո՞վ է տնտեսությունը, կրթությունը զարգացնելու: Եվ, եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ մեր թիմին, որի մի մասն այստեղ է՝ մեր թեկնածուներով, ապա հավանականությունն այն բոլոր ցանկությունների եւ խնդրանքներն իմ, որ ձեր մոտ կկատարվի, կտրուկ կբարձրանա: Ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն: Ուռա՛…»
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ