«Ադրբեջանը կոալիցիա էր կազմել Ռուսաստանի, Իսրայելի և Թուրքիայի հետ, այդ պատճառով էլ նա իրեն թույլ տվեց ապրիլին նոր պատերազմ սկսել»,- Ստեփանակերտում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ընթացքում հայտարարեց արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Այս պահին անցկացվող ֆորումին մասնակցում է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Ֆորումի գլխավոր թեման է հակամարտությունների ներկայացումը
սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների
ապահովումը:
Պարոն Արզումանյանը վստահեցրեց՝ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան այսպիսի դիրքորոշում ունի, ղարաբաղյան հակամարտությունը լուծում չի ունենա. «Առանց Ադրբեջանի ղեկավարության դենացիֆիկացման, առանց այդ հիվանդությունից ձերբազատվելու հնարավոր չէ»:
Անվտանգության գծով փորձագետն, իհարկե, այս հարցում լավատես չէ, բայց ըստ՝ նրա միանշանակ է այն, որ եթե Ադրբեջանը սկսի պատերազմ, դա չի լինելու լոկալ, ինչպես այդ երկիրն է պնդում, այլ լինելու է մեծամասշտաբ: Այս համատեքստում Հրաչյա Արզումանյանը կարևոր է համարում Ռուսաստանի դերակատարությունը. «Թուրքիայի, Իսրայելի անգամ Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար հասկանալի է, բայց անհասկանալի ու ոչ ռացիոնալ է Ռուսաստանի վերաբերմունքը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ զարգացումներ է տեսնում, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Կանխատեսումը կորցնում է իմաստը: Օրինակ՝ ապրիլյան պատերազմը ևս անհավանական էր, բայց դա տեղի ունեցավ, ուստի չպետք է զգոնությունը կորցնել»:
Արտասահմանցի լրագրողները հետաքրքրվեցին երկու երկրների զինված ուժերի դասավորվածության, ռազմական և մարտական պատրաստվածության մասին: Փորձագետն ասաց, թե թվային տվյալներ չի ներկայացնելու, միայն շեշտեց. «Բացի տեխնիկայից և մարտական պատրաստվածությունից մեծ դերակատարություն ունի նաև լանդշաֆտը: Արցախի լանդշաֆտն այնպիսին է, որ հիմնական հարձակման ուղղություններն են հյուսիսայինը, հարավայինն ու կենտրոնականը: Այդ ուղղություններն Ադրբեջանն օգտագործել է և՛ նախորդ պատերազմի, և՛ ապրիլյանի ժամանակ: Եվ նաև լանդշաֆտի առավելությունները թույլ տվեցին Ադրբեջանին ապրիլին ձեռք բերել մեկ բարձունք և 800 հեկտար»:
Պարոն Արզումանյանի հավաստմամբ՝ Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտությունը տարածքային խնդիր է, իսկ հայկական կողմի համար կենսական. «Յուրաքանչյուր հայ զինվոր հասկանում է, որ պատերազմը պարտվելով՝ Ադրբեջանը կրկին գլուխներ է կտրելու, տեղի է ունենալու ցեղասպանություն: Ուստի ցեղասպանություն տեսած ազգը թույլ չի տա ևս մեկ ցեղասպանություն»:
Եվրոպացի լրագրողներից մեկն էլ խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարությունները, թե հայկական կողմը կրակում է խաղաղ բնակչության համար, պարոն Արզումանյանը պատասխանեց, թե այդ ամենը ֆանտաստիկա է. «Ադրբեջանական կողմը երբեք կոնկրետ փաստեր չի ներկայացրել: Ի վերջո, շփման գծում տեղադրված տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, որ ռազմական հարձակումը սկսել է Ադրբեջանը»:
Այս համատեքստում փորձագետ հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու փաստը, որից հետո նա հերոսացվեց: Այնուհետև շեշտեց. «Ապրիլին մենք տեսնում էինք, որ Ադրբեջանն իրեն այնպես է դրսևորում, ինչպես դայիշը: Այս իրականությունը պետք է չեզոքացվի միջազգային հանրության կողմից: Ադրբեջանի հետ պետք խոսել միազգային դատարանի լեզվով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ