Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդի մահվանից հետո ընկերությունը չի պահպանել «դեպքի վայրի» անձեռնմխելիությունը

Մարտ 20,2017 14:30

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը երեք օր առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որին, ի դեպ, երկու լրատվամիջոց էր մասնակցում, անդրադառնալով աշխատավայրում 21-ամյա Լեւոն Հունանյանի մահվան հանգամանքներին, հարցրեց. «Ընկերության անվտանգության հրահանգների համաձայն, չէր թույլատրվում բարձրանալ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության նշված 3-րդ մասնաշենքի հարթ տանիքը: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ հարթ տանիք տանող և որպես դուռ օգտագործվող մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը»:

Ինչո՞ւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից չի փակվել մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը, ինչո՞ւ այն չի ունեցել անվտանգությունն ապահովող գոտիներ, զգուշացնող կամ արգելող նշաններ:

Փաստաբանը ցույց տվեց լուսանկարներ, նաեւ հայտնեց, թե ինչպես են ընկերության դիմացի շենքի բնակիչները տեսել, որ այնտեղից մշտապես շինարարական աղբ է թափվում և այնտեղ մշտապես ելումուտ են անում ընկերության աշխատակիցները: Լեւոն Հունանյանի մահվանից հետո «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձինք պատկերացնելով, որ իրենց անփութության պատճառով դժբախտ դեպքեր կարող են գրանցվել, շինարարական աշխատանքների կատարման ժամանակ փակել են պատուհան-դուռը, այդպիսով՝ չպահպանելով «Դեպքի վայրի» անձեռնմխելիությունը:

Դեպքը տեղի էր ունեցել 2014թ. ապրիլի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող ազատ տնտեսական գոտում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կիրակի օրը չափագրումներ իրականացնելու համար աշխատատեղում է եղել «Զևս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լևոն Դավիթի Հունանյանը: Տանիքի երդիկից ընկնելով, նա մեկ ժամ հետո է հայտնաբերվել, ապա տեղափոխվել 1-ին համալսարանական հիվանդանոց, եւ ըստ տուժողի հոր՝ Դավիթ Հունանյանի էլ, մինչ ինքը կգնար պահանջված արյունը բերելու, որդին մահացել է:
Մահվան գործով քրեական գործ է հարուցվել, ապա կարճվել:

Տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչը դիմել են այն ժամանակ Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանին, որի որոշմամբ կրկին նախաքննություն է իրականացվել:
Ստացվել է այնպես, որ կրկին կարճվել է գործը, իսկ Երեւան քաղաքի նոր դատախազը՝ Ր. Ասլանյանը, կարճման որոշումը հաստատել է:

Տուժող կողմը բողոք է ներկայացրել դատարան:

Իրավահաջորդի ներկայացուցիչն «Առավոտի» հարցին, թե, արդյոք, երկու ընկերությունների պատասխանատուները որպես հնարավոր կասկածյալ հարցաքննվե՞լ են իր աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարող Լեւոն Հունանյանի համար՝ անվտանգություն չապահովելու հիմքով, պատասխանեց. «Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Զևս ստուդիա» ՍՊԸ և «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման և 157-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում հանցակազմ: Իսկ այդ նշանակում էր, որ քննիչը պետք է լուծեր նշյալ ընկերությունների պատասխանատուներին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, սակայն նախաքննական մարմինը գալով ոչ ճիշտ հետևության, գտել է, որ «Զեւս ստուդիայի» տնօրեն Հարություն Մուրադյանի գործողություններում բացակայում է հանցակազմը և կարճել է գործի վարույթը»:

«Հայ ոսկերիչների միության» նախագահ Գագիկ Գեւորգյանն իր շրջապատում ինձ հասած լուրերի համաձայն հայտարարել է՝ «Ես խոսել եւ պայմանավորվել եմ, մենք մեղավոր չենք»: Արդյոք, եթե իր ցավը լիներ, նման բան կասվեր»,-հարցնում է Դավիթ Հունանյանը:
Նկատենք, որ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատողի համար պետք է երաշխավորվեն պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ: Եվ ըստ նշյալ օրենքի. «Աշխատողի անվտանգությունը և առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, և պետությունը պարտավոր է`

ա) սահմանել աշխատողի անվտանգության և առողջության պահպանման իրավական կանոններ` ամրագրելով դրանք օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով,
բ) նախատեսել համապատասխան քաղաքացիական, վարչական, քրեական սանկցիաներ, որոնք կոչված են կանխելու աշխատողի անվտանգության և առողջության պահպանման կանոնների խախտումները»:

Քրեական գործի նյութերում Լևոն Հունանյանի անվամբ առկա չէ որևէ փաստական հանգամանք, որը կարող էր հաստատել նրա՝ անվտանգության պաշտպանության համար հրահանգավորված լինելու մասին: Ավելին, քննիչի մոտփորձագետ Ա.Բադեյանը ցուցմունք էր տվել, թե՝ «Լեւոնը բարձրագույն կրթություն ուներ, հարկ չեն համարել հրահանգավորել», դրանով իսկ հակասելով իր իսկ տված եզրակացությանը (դատական գործընթացների ժամանակ բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած դատախազն անգամ իր պարտականությունների մասին իրազեկվում է այնպես, ինչպես փաստաբանը՝ իրավունքների մասին-Ռ.Մ.):

Տուժող կողմի տեղեկացմամբ, ծանոթանալով գործի նյութերին, պարզ է դարձել, որ Լևոն Հունանյանը 03.03.2014թ. պայմանագիր կնքելիս, որպես «Զևս ստուդիա» ՍՊԸ-ի համար ծառայություններ մատուցող աշխատակից և «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարող, չէր կարող հրահանգավորվել 31.03.2014թ.-ին հաստատված` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի և արտադրական առողջապահության պաշտպանության մասին հարահանգին, քանի որ վերջինս հաստատվել է Լ.Հունանյանի կողմից «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարելուց մոտ 28 օր անց և դեպքից 8-9 օր առաջ:

Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Սույն գործով նախկինում իրականացված երկու փորձաքննությունների ժամանակ օգտագործվել է` Կաշեգործների 70 հասցեում գտնվող շինության 1975-1976թթ. նախագծերը, քանի որ նոր իրականացված շինարարական աշխատանքների համար նախագծեր չկային: Իսկ դեպքին նախորդած ժամանակշրջանում` 2014թ.-ի դրությամբ կատարված շինարարական աշխատանքների ընթացքում համապատասխան թույլտվություն և նախագիծ առկա չէր և շինարարությունը իրականացվում էր ինքնակամ: Այդ կապակցությամբ, տուժող կողմը բազմիցս նախաքննական մարմնին է ներկայացրել այն հիմնավորող նյութերը և լուսանկարներ»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031