Հաճախ չի պատահում, երբ հեղինակավոր մրցույթում մեր երկիրը ներկայացնող, այս դեպքում՝ պատանի երաժիշտը, այն էլ այլազգի, արժանանում է գլխավոր մրցանակի: Վերջերս «Պետերբուրգյան գարուն» միջազգային մրցույթում առաջին մրցանակի արժանացավ ջութակահար, Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ալեքսանդրա Կուզմինան (պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի դասարան), որի մասին վերջին շրջանում գովեստի խոսքեր են շռայլում մեր անվանի երաժիշտներից շատերը:
«Առավոտը» հանդիպեց Ալեքսանդրայի հետ: Երաժիշտն ասաց, որ 4 տարեկանից է սկսել ջութակ նվագել, սովորել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիային կից դպրոցում, իսկ 2016թ. ուսումնական տարվա սկզբից տեղափոխվել է Երեւան: «Ուսուցիչս՝ Սավելի Շալմանը, որը 4 դասագրքի հեղինակ է, մեծ աշխատանք է տարել ինձ հետ: 5 տարեկանում ունեցել եմ առաջին մենահամերգս, մրցույթների սկսել եմ մասնակցել 6 տարեկանից: Առաջինը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Շոստակովիչի անվան միջազգային մրցույթն էր, որտեղ արժանացա գրան պրիի: Բոլորը թվարկել չեմ կարող, միայն ասեմ, որ Սանկտ Պետերբուրգի մեր բնակարանում մայրս ամբողջ մի պատ տրամադրել է մրցանակներիս»,- ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է Երեւան տեղափոխվելուն, աղջնակը հավաստիացրեց, որ Սանկտ Պետերբուրգում մայրը հիացական կարծիքներ է լսել հայաստանցի ջութակահար մանկավարժների, հատկապես պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի հասցեին եւ քանի որ Սավելի Շալմանը անցել էր վաստակած հանգստի, ընտանիքում որոշում են կայացրել տեղափոխվել Երեւան:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, թե ջութակին զուգահեռ հաճախել է ֆլեյտայի դասարան, նույնիսկ դափնեկիր դարձել սանկտպետերբուրգյան «Արծաթե շեփոր» մրցույթում, ավելին՝ Էրմիտաժում 2012թ. ցուցադրվել են իր գեղանկարները: «Ցուցահանդեսի բացմանը Մուխինի անվան գեղարվեստի ակադեմիայի նախկին ռեկտոր, այժմ հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ, ամենակարեւորը՝ ճանաչված նկարիչ Ալեքսեյ Տալաշչուկը կատակեց, ասելով՝ նայիր, եթե ջութակից բան դուրս չգա, կգաս ինձ մոտ, դու ի ծնե տաղանդավոր ես,- ժպտալով հավելեց Ալեքսանդրան ու շարունակեց խոսքը,- հիմա արդեն արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող հայ անվանի շատ մարդկանց գիտեմ: Իսկ մինչ Երեւան գալը գիտեի ընդամենը 3 անուն՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ֆրունզիկ Մկրտչյան: Ընդ որում, Արամ Խաչատրյանին իբրեւ մարդ ու երաժիշտ ինձ ներկայացրել է կոնցերտմայստերս՝ Ժաննա Պերեսվետովան, որը լինելով հիանալի դաշնակահար, պատիվ է ունեցել որոշ համերգների ելույթ ունենալ Խաչատրյանի ղեկավարությամբ»:
Հետաքրքրվեցինք՝ Երեւանում ուսանելու կարճ ժամանակահատվածում չի՞ հասցրել մասնակցել որեւէ մրցույթի կամ փառատոնի, ջութակահարը հայտնեց, թե ապրիլին պրոֆեսորը մտադրություն ունի իրեն ներկայացնել Գյումրիում կայանալիք «Վերածնունդ» փառատոնին:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Ալեքսանդրան հիացմունքի խոսքեր հղեց ոչ միայն իր պրոֆեսորի, այլեւ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի, դասղեկ տիկին Գալստյանի եւ դասընկերների հասցեին: Հավաստիացրեց, թե դասղեկը դասերից հետո առանձին իր հետ հայերեն է պարապում, ինչի արդյունքը նկատելի էր:
Տաղանդավոր աղջնակը ներկայացրեց նաեւ մոր հայաստանյան գործունեությունը. «Մայրս՝ Յուլյա Վադիմովնան, աշխատատեղեր է բացել՝ «վերակենդանացնելով» Սպիտակի տրիկոտաժի ֆաբրիկան եւ Կապանի պահածոների գործարանը…»: Հումորով էլ հետեւություն արեց, որ եթե չլինեին Չայկովսկու դպրոցը, իր պրոֆեսորը, չէին լինի Սպիտակի եւ Կապանի գործարանները:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Ջութակահարը՝ «Պետերբուրգյան գարուն» մրցույթում:
«Առավոտ»
18,03.2017
Գեղարվեստի ակադեմիա կրում է հանրահայտ ,,Բանվորի և գյուղացու,, արձանի հեղինակի անունը, որը կին է… Հետևաբար՝ ոչ թե Մուխին, այլ Մուխինա…