Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգ Հովհաննիսյան. «Տիգրան Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի մարզական ճակատագրի մասին կիմանանք մոտ երկու շաբաթից»

Մարտ 20,2017 13:00

Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը օրերս Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության համաժողովին, որի աշխատանքներին ներկա են լինում ազգային հակադոպինգային կազմակերպությունները, միջազգազգային ֆեդերացիաների հակադոպինգային կազմակերպությունները:
«Առավոտը» մասնագետից առաջինը հետաքրքրվեց, թե Պեկինի եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների կրկնակի ստուգումների արդյունքում ժամանակավորապես մրցումներից հեռացված տարբեր մարզաձեւերի տասնյակ ու հարյուրավոր մարզիկների, որոնց մեջ են նաեւ Տիգրան Գ. Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, հետագա մարզական ճակատագրի մասին որեւէ որոշում չկայացվե՞ց, Արեգ Հովհաննիսյանը պատասխանեց. «Դեռ ոչ, թեեւ խոստացան մեկ-երկու շաբաթում կողմնորոշվել: Մինչեւ այսօր ՄՕԿ-ը դեռ չի վերջացրել իր քննարկումները: Այդ պատճառով միջազգային ոչ մի ֆեդերացիա վերջնական փաստաթղթերը դեռ չի ստացել, որպեսզի ինքն իր գործընթացը սկսի: Ի՞նչ կորոշեն միջազգային ֆեդերացիաները, ես դրա պատասխանը չունեմ: Մի քանիսը հակված են այն մտքին, որ այդ մարզիկները արգելված նյութեր օգտագործել են 2009 թվականի հակադոպինգային օրենքների ժամանակ եւ այդ օրենքները նախատեսում են երկու տարվա որակազրկում: Խնդիրն այն է, թե այդ որակազրկումները, եթե այդպիսիք լինեն, կկիրառվեն 2009 թվականի՞ց, թե 2016-ից: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի եւ, հավանաբար, դեռ պետք է մոտ երկու շաբաթ էլ սպասել»:

Անդրադառնալով համաժողովում քննարկված մյուս հարցերին՝ Արեգ Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Քանի որ այս տարվանից սկսվել է ազգային հակադոպինգային կազմակերպությունների, միջազգային ֆեդերացիաների հակադոպինգային բաժինների լիցենզավորման գործընթացը, թե որքանով են դրանք համապատասխանում միջազգային չափորոշիչներին, համաժողովի աշխատանքների մեծ մասը նվիրված էր դրան: Հարցաշարն արդեն ուղարկել են, որոնց պետք է պատասխանել: Սահմանված է, թե որ դեպքում հակադոպինգային կազմակերպությունը կհամարվի միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող: Ըստ այդմ, միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող է համարվելու, եթե տվյալ կազմակերպությունը 2016 թվականին, օրինակ, մարզիկից արյուն չի վերցրել եւ լաբորատորիա չի ուղարկել ստուգելու: Ուշադրություն դարձրեք՝ խոսքը արյան մասին է, այլ ոչ թե մեզի: Ի դեպ, կան կազմակերպություններ, որոնք իրենք նախաձեռնություններ չեն անում, իրենց սեփական ռեսուրսները չեն ծախսում՝ ընդհանրապես ոչինչ չանելով:

Այսպիսի երկրների համար ՎԱԴԱ-ն ստեղծելու է համապատասխան հանձնաժողովներ, որոնք ժամանելով՝ աուդիտ են անցկացնելու: Ընդ որում, շեշտն ավելի շատ դրվելու է այն երկրների վրա, որոնց մարզիկներն ավելի շատ մեդալներ են նվաճում օլիմպիական խաղերում, աշխարհի ու մայրցամաքային առաջնություններում, կամ այն երկրներում, որտեղ նախատեսվում է անցկացնել միջազգային մեծ մրցաշարեր: Քննարկվեցին նաեւ նեղ մասնագիտական մի շարք այլ հարցեր»:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031