Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայկական մամուլից տեղեկացա, որ ս.թ. մարտի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ:
Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված այս փառատոնի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ֆրանսիայի և Ռուսաստանում Կանադայի դեսպանություններին: Փառատոնի աջակիցներն են Ֆրանսիական ինստիտուտը, 24_DOC հեռուստաալիքը և Մոսկվա կինոթատրոնը:
Կարդացեք նաև
2013թ. Ֆրանսիայի դեսպանությունը ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում կազմակերպել էր ֆիլմի ցուցադրություն` կրկին առանց հայերեն ենթագրերի: Դեսպան Ռեյնոյին հղված իմ նամակից հետո դեսպանության դիմատետրի (facebook) էջից հեռացվեց ֆիլմի ցուցադրության մասին հայտարարությունը: Նամակը հասանելի է այս կայքում:
Տարիներ շարունակ Հայաստանում, ի դեպ նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, պատրաստվել են ֆրանսերեն լեզվի հոյակապ մասնագետներ, որոնց կարելի էր վստահել այդ ֆիլմերի հայերեն թարգմանությունը: Ուստի անհասկանալի է, թե ինչու է Ֆրանսիայի դեսպանությունը համառորեն, տարիներ շարունակ արհամարհում Հայաստանի քաղաքացու ամենահիմնարար` լեզվի իրավունքը: Ակամա մտածում ես` չլինի՞ թե Ֆրանսիայի իշխանությունները ոչ-պաշտոնապես Հայաստանը Ռուսաստանի մաս են համարում են ու իրենց այս հակաօրինական քայլով ցանկանում են ամրապնդել այդ իրավիճակը։
Պարոն դեսպան,
Տեղյակ եմ, որ դուք հայերեն եք սովորում: Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ հետևյալ միտքն եք հայտնել` «Սակայն ամենաշատն ինձ զարմացնում է հայերի հակազդելը, երբ փորձում եմ նրանց հետ հայերեն խոսել: Ինձ հաճախ պատասխանում են օտար լեզվով, համոզված, որ ոչ մի օտարերկրացի ընդունակ չէ իրենց հասկանալ, երբ իրենց լեզվով են խոսում»:
Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմերի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
Ձեզ ի գիտություն հայտնեմ, որ 2016թ. աշնանը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը կազմակերպել էր ֆիլմերի փառատոն, որի ընթացքում բոլոր ֆիլմերը ցուցադրվում էին հայերեն ենթագրերով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում իսպաներենի մասնագետներն անհամեմատ ավելի քիչ են, քան ֆրանսերենին փայլուն տիրապետողները։
Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ արտգործնախարարին, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը և Լեզվի ժողովրդական տեսչություն քաղաքացիական նախաձեռնությանը:
Արեգ Մամիկոնյան
ՀՀ քաղաքացի
Մարտի 19, 2017թ.
Ամբողջովին համամիտ եմ Արեգ Մամիկոնյանին, եւ բոլորից, տվյալ դեպքում՝ ՀՀում Ֆրանսիայի դեսպանությունից
Ամբողջովին համամիտ եմ հոդվածագրին, եւ իմ կարգին ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ բոլորից, տվյալ դեպքում՝ ՀՀում Ֆրանսիայի դեսպանությունից՝ հարգել ՀՀ սահմանադրությունը եւ իմ՝ իբրեւ հայ մարդու՝ իմ հայրենական պետության մեջ իմ ազգային ու պետական ՄԻԱԿ լեզվով տեղեկացվելու բացարձակ իրավունքը: Նաեւ պահանջում եմ հրապարակային ներողություն խնդրել թեկուզ ակամայից մեզ հասցրած այս անարգանքի համար:
Գեւորգ Յազըճյան, պատմաբան
Պահանջեք նաև, որպեսզի Մոսկվա կինոթատրոնի անվանումը ևս փոխվի։ Չարժե միայն ռուսերեն ենթագրերի դեմ պայքարել։ Իսկ կինոդահլիճ պետք է ներս թողնել միայն մաքուր հայկական անուններով հանդիսատեսներին։
Ձեր հեգնանքը տեղին չէ: Հոդվածագիրն էլ շատ ճիշտ հարց է բարձրացնում: Ինչու պետք է մենք հայերենի փոխարեն կարդանք ենթագրերը ռուսերեն: Մենք կարծեմ ապրում ենք ՀՀ- ում, Եթե դուք լավ տիրապետում էք ռուսերենին դա չի նշանակում, որ պետք է այդ լեզվով հաղորդակցվել իհաշիվ մեր հայերենի…
1. Կը ձայնակցիմ Արեգ Մամիկոնեանի ազնիւ պահանջներուն եւ կը ստորագրեմ Գէորգ Եազըճեանի նամակին տակ:
2. Իսկ իրմէ՝ Արեգ Մամիկոնեանէն կը խնդրեմ, որ ուշադրութիւն դարձնէ ստորեւ մէջբերուած նախադասութեան ՈՐՊեՍԶԻ շաղկապին, որ ռուսաբանութիւն է. հայեցի ոճով պէտք է կիրարկել ՈՐ շաղկապը. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, ՈՐՊԵՍԶԻ ֆիլմերի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, ՈՐ ֆիլմերի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը»:
3. Կը խնդրեմ նմանապէս, որ հայեցի ոճով թուական դրուի. այսինքն՝ 19 մարտի 2017 եւ ոչ թէ Մարտի 19, 20127. այս վերջինը թուագրումի ամերիկեան ոճ է: