«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական քարոզարշավն այսօր իրականացվել է Նոր Նորքում: Թեկնածուներն անմիջական շփումներ են ունեցել բնակիչների հետ, քարոզչական թերթիկներ բաժանել նրանց: «Շատ համակիրների հանդիպեցի, ոգեւորող խոսքեր լսեցի: Մեծ թվով մարդիկ չէին թաքցնում, որ թիվ մեկ ընտրատարածքում ընտրելու են ինձ: Հետաքրքիր բանավեճեր ունեցա»,-Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով օրը՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Նա նկատեց, որ «աշխարհից խռոված» բնակիչների էլ է հանդիպել. «Բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ շփումներից: Մարդիկ կարոտ են, որ քաղաքական գործիչն իրենց հետ շփվի, մտքեր փոխանակի…հավատում եմ, որ մենք ԱԺ-ում ըստ պատշաճի կներկայացնենք մեր ընտրողների շահերը»:
Ստյոպա Սաֆարյանն այսօր ընտրողների հետ շփվել է ավտոբուսում, զբոսայգում, բակերում, զրուցարանում, սեղմել տաքսու վարորդի ձեռքը, զրուցել փողոցը հատած, բայց իրեն տեսնելուն պես հետ եկած տղամարդուն: Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածուներն են՝ Սաֆարյան Ստյոպա, Բոչոլյան Հռիփսիմե, Ավետիսյան Հովսեփ, Ուռուտյան Ռուբեն, Միսակյան Սոնա, Բեջանյան Սարգիս:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Կորյուն Կյուրեղյանի