Լրահոս
Օրվա լրահոսը

«Թո՛ւյլ տուր, որ աշխարհդ ծաղկի». նոթատետրերի աղջիկը (Ֆոտոշարք)

Մարտ 19,2017 19:42

25-ամյա Հասմիկը ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Մասնագիտությամբ հոգեբան, լեզվաբան  Հասմիկը պատրաստում է ձեռագործ նոթատետրեր: Երազում է, որ գա մի օր, երբ իրեն բոլորը կոչեն նոթատետրերի աղջիկը: Դե հիմա տեսնենք , թե ինչպես նոթատետրերի աղջկա համար վերջիններս տարերք դարձան.

«Ես ինքս նոթատետրերի սիրահար եմ, ունեմ նոթատետրերի մեծ հավաքածու, բնականաբար, դրանք բոլորը չեմ հասցնում օգտագործել: Երբ ընկերներս գնում են արտերկիր, գիտեն,որ ինձ պարտադիր պետք է նոթատետր նվեր բերեն:Ես էլ հենց խանութում  տեսնում եմ, չեմ  դիմանում ու միանգամից գնում եմ:  Ինքս ինձ համար դեռ մանկուց միշտ էլ պատրաստել եմ, բայց ավելի տարվեցի դրանց պատրաստմամբ այս դեպքից հետո. ընկերուհիներիցս մեկի հարսանիքը պետք է լիներ, ես հարսնաքույրն էի և օգնում էի, որ կատարենք ամբողջ ձևավորումը : Երբ միասին գնացել էինք ձևավորման խանութ, աչքիս մի շատ գեղեցիկ կտոր ընկավ, որոշեցի հերթական նոթատետրը պատրաստել ինձ համար: Բայց մի պահ մտածեցի` ես ե՞րբ եմ հասցնելու օգտագործել այսքան նոթատետրերը: Որոշեցի դեռ մանկուց եկած սեփական ապրանքանիշը ունենալու երազանքը ի կատար ածել`  համատեղեցի երազանքս և նոթատետրերի հանդեպ սերը, սկսեցի ստեղծել դրանք ու վաճառել»:

Հասմիկի համար սա առաջին հերթին հոբբի է, բայց ասում է, որ ցանկություն ունի այն ընդլայնելու: Ապրանքանիշն անվանել է «HN handmade notebooks»: Երբ հարցրի` ինչո՞ւ, ասաց. «H և N-ը իմ անվան և ազգանվան սկզբնատառերն են` Հասմիկ Ներսիսյան: Այն զարդարված է ծաղիկներով, որովհետև նախևառաջ իմ անունը ծաղիկ է նշանակում, ես էլ ծաղիկներ շատ եմ սիրում»:

Նոթատետրերի աղջիկը (որոշեցի ես լինել առաջիններից, որը նրան այդպես կանվանի-Ռ.Հ.) իր յուրաքանչյուր հավաքածուի առաջնեկին պահում է, հենց ինքն է օգտագործում և դրանից այլևս երբեք չի կրկնում: Երբևէ պատրաստած ամենասիրելի նոթատետրն էլ հենց առաջնեկներից մեկն է. «Հենց ամենաառաջին նոթատետրը անբացատրելի շատ եմ սիրում: Այն իմ ամանորյա հավաքածուից էր: Պահել եմ և օգտագործում եմ այն մինչ օրս: Ես ամեն ինչից շուտ եմ հոգնում, անգամ մեկ նոթատետրի մեջ շատ գրելն է հոգնեցնում ինձ, դրա համար շուտ-շուտ փոխում եմ, բայց այս մեկը ամենասիրելին է: Կարծում եմ` դրանից երբեք չեմ հոգնի»:

Պատմում է, որ իրեն ոգեշնչում է ամեն ինչ. «Քեզ միշտ ոգեշնչման աղբյուր է պետք, երբ գործ ունես արվեստի հետ: Երբ ոգեշնչված եմ լինում, և այդ «մուսա» ասվածը լինում է, կարող է մի գիշերվա մեջ մոտ 10-ից ավելի պատրաստեմ: Երբ մուսան չկա, անգամ մեկ հատն է դժվար պատրաստել: Հենց զգում եմ, որ չեմ կարողանում պատրաստել, զբաղվում եմ այլ բաներով մինչև նորից ոգեշնչումս հետ է գալիս: Ինձ ոգեշնչում են ամենատարբեր բաները` դրսում քայլելիս մի պարզ, հասարակ բան տեսնելիս անգամ կարող եմ ոգեշնչվել:

-Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր ոգեշնչում են Ձեզ:
-Ամենամեծ ու իրական ոգեշնչողը գաղտնիք է, թե ով է, իսկ  երկրորդ մարդը Ռոբին Շարման է, ունեմ նաև իր գրքերից:

Նոթատետրերի այսքան մեծ սիրահարին, չէի կարող այս հարցը չտալ.

-Կա՞ այնպիսի նոթատետր, որ պատրաստել եք ու այնքան լավ է ստացվել, որ չեք ցանկացել տալ պատվիրատուին:

-Կա այդպիսին, բայց ոչ թե չեմ ցանակացել տալ, այլ ուղղակի ասել եմ. մի հատ էլ այ այս մեկից ինձ համար եմ պատրաստելու` չնայած դեռ չեմ հասցրել:

Երբ պատմում էր ամենադժվար պատվերներից, ասաց, որ դրանք հիմնականում այն պատվերներն են, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են եղել` սկսած թերթերից, էջերից:

– Դժվար է  այնպես պատրաստել, որ այն ինչ դու ես գտնում` ճիշտ է ու գեղեցիկ , համընկնի պատվիրատուի ցանկություններին, և դու դեմ չգնաս նրան: Պետք է կարողանաս քո միտքը, մտահղացումներն ու պատվիրատուինը միացնել այնպես,որ ստանաս գեղեցիկ, յուրօրինակ ինչ-որ մի բան:

-Դժվարներից խոսեցինք, իսկ ո՞րն է այն պատվերը, որից շատ եք ուրախացել:

– Բնականաբար, ամենասպասվածը առաջին պատվերն է եղել, բայց ամենից շատ ինձ հուզել և ուրախացնել է մի պատվեր Իսպանիայից: Իսպանիայում  հայտնի հայ երգիչ էր, պատվիրեց, ուղարկեցի: Նա ունի իր պաշտոնական էջերը, տարածել էր, շատ մարդիկ տեսել էին, մեկնաբանություն թողել, ու դա ինձ շատ է ուրախացրել:

Հասմիկն անգամ արտերկրից համագործակցության առաջարկ է ստացել. «Մի անգամ էլ իմ ֆեյսբուքյան էջին բուլղարերենով հաղորդագրություն եմ ստանում: Դիմում եմ ընկերուհուս, որ օգնի թարգմանել ու պարզվում է, որ այդ աղջիկը Բուլղարիայում գործող երիտասարդական կազմակերպության նախագահ է: Բազմաթիվ անգամներ Հայաստանում  ման է եկել այնպիսի ապրանքանիշեր, որոնք պատրաստում են նոթատետրեր: Վերջապես գտել էր իրենց ուզածը: Առաջարկում էր մշտական համագործակցություն, սակայն քանի որ հեռավորության առումով դժվար կլիներ, չհամագործակցեցինք: Բայց կարևորը` դա ինձ ուրախացրել է. ուրիշ երկրից տեսել են ու հետաքրքրվածություն կա իմ աշխատանքների նկատմամբ»:

Մեր հերոսուհին պատմում է, որ նոթատետրերը գրքերի է նմանեցնում. «Նոթատետրերն ինձ համար որոշ չափով առնչություն ունեն գրքերի հետ : Իմ նոթատետրերը  լրացնում եմ այնպես, ինչպես գրքերում նշումներ կանեի, և դրանք լցնում եմ աֆորիզմներով: Իմ աշխատանքների  յուրահատկություններից մեկն էլ հենց աֆորիզմներն են: Քանի որ ես շատ եմ սիրում, որոշել եմ, որ նոթատետրերիցս յուրաքանչյուրի թերթերից մեկում կամ հենց առաջին էջին պետք է լինի աֆորիզմ»:

Խնդրեցի հիշել մի աֆորիզմ, որը շատ է սիրում կամ լավագույնս կնկարագրի իրեն: Ասաց, որ առաջինը իր գրած աֆորիզմը եկավ մտքին, բայց չէր ուզում ասել, համոզեցի. «Let your world bloom»` թույլ տուր, որ աշխարհդ ծաղկի կամ տո′ւր տաղանդիդ թևեր (սա նաև Հասմիկի ապրանքանիշի կարգախոսն է-Ռ.Հ.): Ես համոզված եմ, որ ամեն մարդ ունի մի տաղանդ, ու դու ոչ թե պետք  է սպանես այդ տաղանդը, այլ այն պետք  գտնես ու թողնես, որ  զարգանա: Պետք է տաղանդը զարգացնել, աշխատել դրա վրա,այն ի ցույց դնել և դրանով հասնել հաջողությունների, որովհետև եթե դա քեզ տրվել է, ուրեմն քո պարտավորությունն է դրանով բարձունքների հասնելը»:

Վերջում էլ խոսեցինք նոթատետրերի աղջկա երազանքներից. «Ունեմ բազմաթիվ երազանքներ, որովհետև բնույթով երազող եմ, անընդհատ իմ առջև դնում եմ երազանքներ ու փորձում եմ դրանք իրականացնել և անցնել մյուսներին: Առաջինը ճամփորդելն է (երևի ուզում է բոլոր տեղերից նոթատետրեր գնել իր համար- Ռ.Հ.): Երկրորդ երազանքս էլ  իմ նոթատետրերի խանութ-սրճարանը ունենալն է: Այն պատկերացնում եմ ամբողջությամբ և անհամբերությամբ սպասում եմ այդ երազանքիս իրականացմանը»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` «HN handmade notebooks»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031